‘Սիրիացի ապստամբները խոստանում են զենքը շրջել Իսրայելի դեմ’

912

Սիրիական ընդդիմության զինված ջոկատները համացանցում մի տեսահոլովակ են տեղադրել, որում քննադատում են Բաշար Ասադի վարչակազմն այն բանի համար, որ նա հրաժարվել է Իսրայելի դեմ պայքարից: «40 տարի առաջ դավաճան Հաֆեզ Ասադը Իսրայելին վաճառեց Հոլանի բարձունքները: Այդ հողերը թանկ են Ալլահին, և Ասադների անիծյալ կլանը խոստացավ ազատագրել դրանք, սակայն 40 տարվա ընթացքում մի կրակոց անգամ չարձակեց: Մենք պատերազմ ենք սկսում Իսրայելի դեմ և կանենք այն, ինչ Ասադը չկարողացավ անել՝ կազատագրենք Հոլանի բարձունքները»,-հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչը:

Ի դեպ, մարտի 11-ին Իսրայելի պաշտպանական բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Հանցն անդրադարձել է Սիրիայի իրավիճակին և հայտարարել, թե վարչակարգի դեմ մարտնչող խմբավորումները կարող են զենքն ուղղել Իսրայելի դեմ, փոխանցում է NEWSRU.co.il-ը: Նա նաև նշել էր, որ Սիրիայում իրավիճակը շատ վտանգավոր է հարևանների համար: Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Իգալ Պալմորն, իր հերթին, մտավախություն էր հայտնել Սիրիայի հնարավոր փլուզման վերաբերյալ: «Մեզ շատ է մտահոգում Սոմալիի տարբերակը: Հուսով ենք, որ պատերազմը հնարավորինս արագ կավարտվի, և իշխանությունը կանցնի ուժեղ կենտրոնական կառավարությանը»,- ասել է դիվանագետը և հավելել, որ միայն քաղաքական կարգավորումը Սիրիան կփրկի այն գործընթացներից, որոնք այժմ տեղի են ունենում Սոմալիում, փոխանցում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Մերձբալթյան երկրները միասնաբար ռազմամթերք կգնեն’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-դե-Ժանեյրոյում FEMEN-ի ցույց է տեղի ունեցել (ֆոտոշարք)’