‘Սիրիա-Թուրքիա սահմանին սիրիահայ պատանիներ են առևանգվել’

999

Թուրքիայի սահմանին շարունակվում են սիրիահայերի առևանգումները: «Հուլիսի 28-ի առավոտյան Հալեպից դեպի Թուրքիա է մեկնել փոքր ավտոբուս, որում եղել է 3 հայ ընտանիք` 7 կին և 2 դեռահաս: Թուրքիայի սահմանի վրա ավտոբուսը ստիպված է եղել կանգ առնել: Զինյալները առևանգել են 14 և 12 տարեկան պատանիներին, իսկ կանանց ազատ են արձակել: Նրանք այժմ գտնվում են Թուրքիայում: Հայ պատանիների մասին այս պահին տեղեկություն չկա»,- «Արմենպրեսին» հայտնել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը:

Իր հերթին Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել: Նրանց հետ եղած կանայք ազատ են արձակվել և հատել Թուրքիայի հետ սահմանը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ 15 րոպե առաջ է խոսել Դամասկոսում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ և պատանիների առևանգման մասին տեղեկութունը դեռ հաստատված չէ:

Նոր տեղեկություն չկա նաև ուրբաթ օրն առևանգված հայ տղամարդկանց մասին: Նրանք ևս առևանգվել էին թուրք-սիրիական սահմանին, նրանց հետ եղած կանայք ևս ազատ էին արձակվել և հատել Թուրքիայի սահմանը:

Անցնող ամիսը հալեպահայերի համար բավականին ծանր է եղել և շարունակում է այդպես մնալ: Հունիսի երկրորդ կեսից մինչև հուլիսի կեսերը Հալեպում վիրավորվել է 12 մարդ հանկարծակի նետված ռումբերի և պատահական փամփուշտների հետևանքով: Հալեպի շրջափակումից հետո հիմնական դժվարությունները եղել են անբնական սղաճն ու ապրանքատեսակների ապահովման հարցը: Հալեպում դեղորայքի ապահովման լուրջ դժվարություններ կան: 

Նախորդ շաբաթվա ընթացքում հալեպահայերը զգալի կորուստներ կրեցին. նախ Հալեպից Բեյրութ ուղեւորված ավտոբուսի գնդակոծման հետեւանքով հայ կին զոհվեց, 17 մարդ վիրավորվեց, ապա Հալեպի Նոր գյուղ թաղամասում երեխա խոցվեց պատահական փամփուշտից, իսկ հուլիսի 26-ին զինյալները չորս հայ տղամարդկանց պատանդ վերցրին, հարձակման ենթարկված ավտոբուսի հայ կանայք Երեւան հասնելու փոխարեն հանգրվանեցին թուրքական նահանգի պանդոկներից մեկում:

Նախորդ հոդվածը‘Նախնական տվյալներով՝ թուրք-սիրիական սահմանին երկու հայ պատանի է առեւանգվել’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» սնանկացման գործընթացը դադարեցվել է’