‘Սիրիա. Լայնածավալ ջիհադի ռեկորդներ’

1063

Նախագահ Բաշար Ասադի դեմ «ջիհադի» համար Սիրիա ժամանած արտասահմանցի սուննի գրոհայինների քանակը գերազանցել է այն արտասահմանցիների թիվը, ովքեր Աֆղանստանի խորհրդային օկուպացիայի ժամանակ կռվում էին մոջահեդների կողմում: Այդ մասին Washington Post-ում գրել է Սիրիայի և «Ալ-Քաիդայի» հարցերով ամենախոշոր մասնագետներից մեկը՝ Ահարոն Զելինը: Վերջինիս գնահատականներով՝ 2011 թ. գարնանը հակամարտության մեկնարկից սկսած՝ Սիրիա է ժամանել մինչև 10 հազար ջիհադիստ: «Դա ջիհադիստների խոշորագույն մոբիլիզացիան է՝ Աֆղանստանում խորհրդային պատերազմի ժամանակներից ի վեր»,- նշել է Զելինը:

Աֆղանստանում ավելի շատ ջիհադիստներ էին հավաքվել, սակայն այնտեղ պատերազմն էլ ավելի երկարատև էր՝ ինը տարի: Զելինի խոսքերով՝ դեպի Սիրիա ձգվող արտասահմանցի ջիհադիստների հոսքը «ոչ մի բանի հետ համեմատելի չէ»: Ջիհադին մասնակցում են 60 ազգերի ներկայացուցիչներ, հիմնականում՝ արաբներ Սաուդյան Արաբիայից, Թունիսից և Լիբիայից: Սիրիա են ժամանում նաև եվրոպական երկրների քաղաքացիներ՝ Բրիտանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից: Սիրիայում կռվում է առնվազն 20 ամերիկացի:

Բուն Սիրիայում ավելի ու ավելի մեծ թվով գրոհայիններ պոկվում են Արևմուտքի կողմից աջակցություն ստացող Սիրիական ազգային դաշինքից և Սիրիայի ազատ բանակից և միանում են «Ալ-Քաիդայի» մասունքներին: Դրանցից մեկի՝ Ջաբհատ ան-Նուսրայի հրամանատարների 80 %-ը արտասահմանցիներ են, գրահայինների մեջ նրանց թիվը գերազանցում է 20%-ը (6-7 հազար): « Սիրիա և Իրաք իսլամական պետություններ» կազմակերպության գրոհայինների 40 %-ն է արտասահմանցի, իսկ ղեկավար կազմում արտասահմանցիների թիվը գերազանցում է 80 %-ը, փոխանցում է MIGnews-ը:

ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Մայքլ Շոյերը, ելույթ ունենալով կոնգրեսի լսումների ժամանակ, հայտարարել է. «Միանգամայն պարզ է, որ սա շատ ավելի լուրջ է, քան այն ամենը, ինչի հետ բախվել ենք մինչ օրս: Նրանք վերադառնում են այն համոզմամբ, որ հաղթանակը հնարավոր է: Նրանք Իրաքում և Աֆղանստանում ստորացուցիչ պարտության մատնեցին ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին: Նրանք վերադառնում են մոջահեդ ընկերների ցուցակով, որոնցից թե՛ հրահանգներ են ստանում և թե՛ նյութական օժանդակություն»:  Արդյունքում՝ արևմտյան մամուլում «չափավոր ընդդիմություն» անվանվածը դուրս է մղվում Սիրիայի քաղաքական ասպարեզից՝ իր տեղը զիջելով «Ալ-Քաիդային» և կառավարական ուժերին, և ամերիկացիներն ուղղակի չգիտեն՝ ինչպես վարվել:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Մուիժնիկսին’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Սկսել են հասարակական կարծիքը պատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների’