‘Սիրո պաշտամունք ունեցող վարպետը’

1247

Երեկ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացավ նկարիչ Հակոբ Հակոբյանի հոգեհանգիստը: Եկեղեցին ու դրա հարակից տարածքը լեփ-լեցուն էր մարդկանցով, որոնց մեջ էին հայտնի պետական դեմքեր, քաղաքական գործիչներ, մտավորականներ, երիտասարդներ ու պարզապես շարքային քաղաքացիներ: Ծաղկեպսակների ու ծաղիկների թիվն անհաշվելի էր: Կիսատ մնացած գործերի մասին էին խոսում վարպետի ընկերները: Նկարչի մտերիմ ընկերներից արվեստաբան Շահեն Խաչատրյանը պատմում էր, որ 90-ամյակի առիթով անակնկալ էր պատրաստել Հակոբյանին: Նրա մասին գիրք պետք է հրատարակեր, ինչպես նաև ցուցահանես և այլ միջոցառումներ էին նախատեսված: «Կանենք էլի՝ առանց նրա». ասաց վարպետի ընկերը, որի հետ զրուցեցինք հենց եկեղեցու բակում: Նրա հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում, միայն այս պահին առանձնացնենք վերջին իրադարձությունը՝ կապված Հակոբյանի հետ: «Մարտի 9-ին ես լուր ստացա Լոնդոնի հեղինակավոր Սոթբի վաճառատնից, որտեղ ներկայացվելու էին Միջին Ասիայի և Կովկասի նկարիչներից հավաքված գործեր: Դրանց մեջ էր նաև Հակոբ Հակոբյանի գործը, և ամենատարօրինակն այն էր, որ ներկայացումն ու գործերի վաճառքը տեղի էր ունեցել մարտի 4-ին, իսկ ես հրավերը ստացել էի 4 օր ուշացումով: Ուրախացա ու մտածեցի, որ միակ մարդը, որի հետ պետք է խոսեմ՝ հենց Հակոբ Հակոբյանն է: Եկա գիշերը և առավոտ շուտ լուրն իմացա, որ մահացել է. չկարողացա հայտնեմ, որ այդ բոլոր գործերից՝ մոտ 47 աշխատանք, որոնք ներկայացված էին Լոնդոնի հայտնի Սոթբի վաճառատանը, ամենաբարձրը գնահատատվել էր հենց Հակոբ Հակոբյանի աշխատանքը», պատմեց Շահեն Խաչատրյանը: Վերջինս մեզ տրամադրեց առաջիկայում տպագրվելիք գրքի այն էջը, որտեղ մեծերն արտահայտվել են Հակոբ Հակոբյանի արվեստի մասին:

Մարտիրոս Սարյան. –Հակոբյանն իր ժամանակը խոր ապրող և սիրո պաշտամունք ունեցող նկարիչ է: Իր ինքնօրինակ բնանկարները թեև դիտվում են ամայի, բայց շնչում են հարուստ հոգով: Այդպես հաղորդվել բնության հետ, նշանակում է գերազնվություն պարգևել…

Մինաս Ավետիսյան. –Մենք մի օգտակար դաս ենք քաղել մեր սիրելի, հազվադեպ տաղանդով օժտված ընկերոջից: Հայ մարդու իսկական հատկանիշներով նա առնչում է մեզ արվեստի պատմության ամենաուսանելի դասին: Սեփական հոգու աչքերով է նա տեսնում աշխարհը, որ Հակոբյանը մնում է եզակի երևույթ և զգացնել տալիս, որ մայր հողից սերել է վաղուց, շատ վաղուց:

Գառզու. –Երիտասարդները թող չմոռանան այն կապերը, որոնք մեզ առնչում են մեր հնօրյա արվեստին: Այդ կապերը եթե սերտ լինեն, կարելի կլինի ստեղծել հայկական բարձր արվեստ: Դրանով Հայաստանը կմեծանա այնքան, որով կչափվի աշխարհի խոշորագույն արժեքների հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարերքով…

Հակոբյանի արվեստը նման մակարդակի հրաշալի օրինակ է:

Օ. Շչեդրին. –Յուրաքանչյուր հանդիպում Հակոբի այսքան խելոք ու նրբազգաց արվեստի հետ՝ տոն է: Այդ տոնին սպասում, երկար պատրաստվում ես, հետո երկար մտորում… սա կյանքն է:

Թող շատ լինեն այսպիսի խելոք հանդիպումները, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկանց:

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ նկարիչների մությունում՝ ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը, այնուհետև՝ հուղարկավորության արարողությունը՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցը Գերմանիա’
Հաջորդ հոդվածը‘Սի Ցզինպինը հաստատվել է Չինաստանի նախագահի պաշտոնում’