‘Սկանդալ Իսպանիայում. ինչպես ձախողվեց Էրերայի «ՄՅՈՒ» տեղափոխությունը’

1011

Շարունակում են մանրամասներ հայտնվել երեկ բազմաթիվ կայացած և չկայացած տրանսֆերների վերաբերյալ: Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենասպասված նորություններից մեկը Անդեր Էրերայի՝ «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխությունն էր:

«Մանկունյանցիները» դեռևս անցյալ մրցաշրջանից կենտրոնական կիսապաշտպան էին փնտրում, սկզբում նրանք հավակնում էին Դե Ռոսսիին, հետո՝ Սեսկ Ֆաբրեգասին կամ Տյագո Ալկանտարային, իսկ օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում խոսվում էր նաև «Ատլետիկի» 24 կիսապաշտպանի մասին՝ չբացառելով նաև Ֆելայնիի տարբերակը, ով համարվում էր Մոյեսի անձնական նախընտրությունը:

Անդեր Էրերան, «Սարագոսայից» տեղափոխվելով «Ատլետիկ Բիլբաո», Մարսելո Բյելսայի գլխավորությամբ դարձավ բասկերի գլխավոր թիմի կենտրոնական գոտու առաջատարը, հատկապես Խավի Մարտինեսի՝ «Բավարիա» տեղափոխությունից հետո: Եվ չնայած երկու լավ մրցաշրջանների՝ շատերը համարում էին, որ նրա տրանսֆերի համար պահանջվող հրաժարագինը՝ 36 մլն  € ,չափազանց շատ է նման՝ իրականում ոչ մեծ հնչեղություն ունեցող խաղացողի համար: Բայց «Մանչեստերը» լայն ընտրություն չուներ, պետք էր գնել կամ Էրերային, կամ Ֆելայնիին:

Օրվա ընթացքում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային մոտ աղբյուրները պնդում էին, որ իրենց գրանսենյակում են գտնվում «Յունայթեդի» ներկայացուցիչները, և մնում է միայն ձևակերպել գործարքի թղթաբանական մասը:

Մի քանի ժամ դադարից հետո պարզ դարձավ, որ տրանսֆերը տեղի չի ունենալու: Եվ ի՞նչն էր պատճառը: Ինչպես պնդում են իսպանական լրատվամիջոցները, պատճառը շատ պարզ էր. Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում Էրերայի վերաբերյալ բանակցում էին ոչ թե «Մանչեստեր Յունայթեդի» ներկայացուցիչները, այլ պարզապես երեք խարդախներ, ովքեր փորձում էին գումար վաստակել՝ ներկայանալով որպես «կամուրջ» «Յունայթեդի» և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև:

Չկարողանալով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը՝ նրանք ուղղակի ձեռնունայն դուրս եկան ֆեդերացիայի գրասենյակից: Ինչպես տեղեկացնում է «Sky Sports-ը» գործարքի չկայացման իրական պատճառն այն էր, որ «Մանչեստեր Յունայթեդը» մտադիր չէր վճարել խաղացողի հրաժարագինը, այլ ցանկանում էր բանակցել «Ատլետիկ Բիլբաոյի» հետ: Իսկ բասկերը, ովքեր անցյալ մրցաշրջանում վաճառել էին Խավի Մարտինեսին, իսկ այս ամռանը կորցրին նաև Ֆերնանդո Լյորենտեին, ամենևին չէին պատրաստվում բանակցել իրենց առաջատարի տրանսֆերի շուրջ՝ շարժվելով հետևյալ սկզբունքով. «Կվճարեք Էրերայի հրաժարագինը՝ խաղացողը ձերն է, ոչ՝ հաջողություն»:

Իսպանիայում խոսում են երեք «խելամիտներին» դատարան մտցնելու մասին, բայց այստեղ ամենից շատ տուժեցին ոչ թե «Մանչեստերը» կամ «Ատլետիկը», այլ հենց Էրերան: Ըստ Twitter-ում իսպանացի լրագրողների գրառումների՝ Էրերան ամեն ինչ անում էր, որպեսզի տրանսֆերը կայանա, և համաձայնել էր նաև աշխատավարձի նվազեցման:

Այժմ Էրերայի համար շատ բարդ կլինի իր թիմակիցներին պարզաբանել ստեղծված իրավիճակը, ովքեր հենց իրեն էին Լյորենտեի տեղափոխությունից հետո, համարում թիմի նոր առաջատար: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. ՀՀ-ն ամեն ինչ անելու է՝ ՌԴ հետ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար’
Հաջորդ հոդվածը‘9 տարի առաջ տեղի ունեցավ Բեսլանի ողբերգությունը (Տեսանյութ)’