‘Սկանդալ կաթոլիկ եկեղեցում, կամ` «Ինչպիսին իշխողն է, այնպիսին էլ կրոնն է» ‘

2013

Սրանից ուղիղ 30 տարի առաջ Գրանդե անունով սալվադորցի մի սովորական քահանա, ով  երկար բանտվեց ու սպանվեց բռնապետի անմիջական հրամանով, իր օրագրում գրեց. «Վախենում եմ, որ իմ երկրում շատ շուտով Աստվածաշունչն ու Ավետարանն արգելվեն, որովհետեւ տեղով պայթուցիկ են` մեղքն են մերկացնում: Եթե Քրիստոսը մեր երկիր մտներ, նրան կձերբակալեին: Համարելով հեղափոխական` քարշ կտային դատարան՝  մեղադրելով քայքայիչ եւ հակասահմանադրական գործունեության մեջ: Անպիտան գաղափարների կրող կհամարեին…կրկին կխաչեի՛ն նրան»:

Ասել, թե այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել՝ դրական առումով, սխալ կլիներ ո՛չ միայն Սալվադորի դեպքում: Ընդ որում` պատկերը նույնն է ոչ միայն առհասարակ քրիստոնյաների շրջանում, որոնց էլ ընդունված է եկեղեցի կոչել, այլեւ եկեղեցիների նվիրապետության մակարդակում:

Կոնկրետ մեր պարագայում` Հայ առաքելական եկեղեցին իրեն նույնացրել է քաղաքական իշխանության հետ՝ առկա բարոյական-սոցիալական չարիքի արմատները փնտրելով կամ միայն «ավետարանական մեղքերի» ծույլ-ծիսական թվարկման մեջ, անտեսելով դրանք ծնող պատճառներն ու այսպես կոչված` մեղավորին, կամ ընդհանրապես իրեն նեղություն չի տվել խոսել ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու իր  հոտի անդամի անհրաժեշտ/ցանկալի դիրքորոշման մասին:

Իսկ ահա բուն նվիրապետության գործունեության, անհրաժեշտ կամ գուցե անպիտան բարեփոխումների քննարկման  շուրջ առհասարակ քար լռություն է պահպանվել: «Սարերում կորած-մոլորած եկեղեցիների հետ ոչ մի գործ չունեցող» մեր Վեհը ո՛չ իր օրհնությամբ երկիրը թալանող քաղաքական իշխանությանը հանդիմանելու հետ գործ ունի, ո՛չ նույնիսկ սեփական տանն իշխող «բենթլիական կրքերի»: Արդյունքում, ինչպես  ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոս  I-ը նկատեց իր ելույթներից մեկում, քրիստոնեական եկեղեցին գուցե եւ որեւէ երկրում դրամի պակասություն չունի, բայց նաեւ գոնե մխիթարության պաշար չունի իր սրտում` սեփական զավակների համար…

Հիմա` «լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք» սկզբունքով չէ՛, որ առաջին պլան պիտի մղեմ հոռոմ եկեղեցու իրականությունը, որովհետեւ անաչառ քննության պարագայում, թերեւս, պարզվի, որ մի բան էլ պիտի փառք տանք Աստծուն` «մեծավ մասամբ բենթլիասեր ու նույնասեռական քահանայապետություն չունենալու» համար: Բայց խոստովանում եմ` ինձ հիացնում է Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը, որով նա հենց երեկ հերթական անգամ մերկացրեց իր իսկ նվիրապետության խոցերը՝ իսկական սկանդալ հարուցելով իր շուրջը…

Այո, լատինաամերիկյան ուխտավորների մի խմբի հետ հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոս  I-ը երեկ ահռելի մի ռումբ նետեց Սուրբ Պետրոսի գահի ուղղությամբ՝ բարձրաձայն խոսելով իր նվիրապետության` մաֆիայի հետ ունեցած կապի, փողի նկատմամբ ունեցած մոլուցքի եւ մանավանդ` եկեղեցու ղեկավար կազմում առկա գեյ-լոբբինգի մասին: Այդկերպ պապը, փաստորեն, ոչ թե կռիվ տվեց իտալական մամուլի դեմ, որում սրանից առաջ անընդմեջ նյութեր էին տարածվում անգամ երեխաների սեռական շահագործման, համասեռականությամբ կարիերա անելու եւ այլնի մասին, այլ արժանապատվորեն ընդունեց իրականությունը` խոստանալով շտկել իրավիճակը:

Անշուշտ, այն կարծիքին չենք, թե պապը ամեն բանում պիտի հաջողի: Գուցե նա էլ պարտվի Ավետարանն աշխարհիկներից ավելի մոռացած հոգեւորականների շրջանում: Մանավանդ որ` նախադեպը չունեցող մի բան էլ տեղի ունեցավ. պապի հանդիպման մասին կաթոլիկ եկեղեցու մամլո դիվանը քար լռություն պահպանեց:

Cujus regio, ejus religio. Ինչպիսին իշխողն է, այնպիսին էլ կրոնն է: Մայիսի վերջին հենց այս լատինական առածը հիշեց կաթոլիկ եկեղեցու կարդինալ Օսկար Անդրես Ռոդրիգես Մարադյագան, ով հայտարարեց, թե, այո՛, ինքը նշանակվել է պապի բարեփոխումների կոմիտեի ղեկավար, եւ ընդհանուր գծերով ներկայացրեց դրանք: Առաջին` պապը ոչ թե պիտի ինկվիզիցիայի ենթարկի համասեռականներին, այլ խնդրի նրանց «սոդոմական մեղքը» գոնե դարձնել միայն իրենց անձնական  պատասխանատվությունը ` եկեղեցու պատերից դուրս: Երկրորդ` պապը պատրաստվում է արժեւորել եկեղեցում կնոջ դերակատարումը՝ նրան վստահելով կարեւորագույն պաշտոններ: Երրորդ` պապը մտադիր է աշխատանքի վերցնել  նաեւ աղքատ աշխարհիկներին: Չորրորդ` պապը մտադիր է եկեղեցական կառավարման ընթացքում ազատվել կարդինալական խմբակների կամ լոբբինգի ազդեցությունից: Հինգերրորդ` պապը մտադիր է եկեղեցու ֆինանսական հարցերը բերել լույսի տակ` ազատվելով գառան դիմակի տակ թաքնված գայլերի թե՛ օգնությունից, թե՛ շանտաժից:

Էլի բաներ կային, բայց բավարարվենք կարեւորներով` ենթադրելով նաեւ, թե դժվար պապին խաղաղ օրեր սպասվեն այսքանից հետո: Պարզ է, ուրեմն, թե նա ինչու է ավելացրել պահակազորի զինվորների քանակը, ինչու է հրաժարվել պալատական շքեղ ծառայություններից ու կարդինալների հետ ավելորդ հանդիպումներից: Մյուս կողմից էլ` Ֆրանցիսկոս  I-ը այնպիսին է, ինչպիսին կար. շարունակում է ապրել վատիկանյան համեստ Սուրբ Մարթա հյուրանոցում, որտեղ տեղակայված նրա 201-րդ համարում ո՛չ շքեղ կահույք կա, ո՛չ թանկարժեք որեւէ իր: Մերկ պատեր` Հիսուսի խաչելության մի պատկերով,  գրասեղան, կոմոդ եւ մի բազմոց: Պապն, ասում են, հաճույք է ստանում արգենտինյան իր նախորդ կյանքը չխաթարող այս վիճակից. առավոտյան վաղ արթնանում է, աղոթում, ինքն իր ձեռքով սուրճ եփում-խմում պատշգամբում, իսկ ճաշի ժամին հաճախ է միանում հյուրանոցում հանգրվանած մարդկանց: Այսպիսով` Առաքելական նստավայրը պապի համար ոչինչ է, ընդամենը` աշխատավայր: Խնայած փողերով կարելի է 500 եվրոյով պարգեւատրել այն մարդկանց, ովքեր անխոնջ կերպով են իրենց համեստ գործն անում եկեղեցում. այգեպան, հացթուխ, խոհարար, վարորդ եւ այլն…

Դե ինքներդ ասեք` ինչպես չհիանաս նման պապով…

Գոհար Սիմոնյան

Հ.Գ. Նյութը գրվում էր, երբ միանգամից երկու հետաքրքիր լուր իմացա: Առաջինը` աղքատ այս երկրում  միջազգային դպրոց են կառուցում` 30.000$ տարեկան վարձավճարով` քիչ է, մի բան էլ արտոնություն են ուզում ԱԺ-ից: Բնականաբար` Վեհի լռությամբ. չի՛ ասում, որ սա խտրականություն է լեզվի, ձեր իսկ կողմից գովաբանվող կրթական համակարգի, վերջապես` 30.000$ չունեցող երեխաների նկատմամբ: Մյուս լուրն էլ ամենայն հայոց փեսա Միքայել Մինասյանին` Վատիկանում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելուն էր վերաբերում: Կարծում եմ` պապն ահագին կկաշկանդվի նրա` թեկուզ միայն շքեղ կոստյումի գինն իմանալուց հետո…

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Մոտենում ենք Բրազիլիայում աշխարհի առաջնությանը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյան. Իրանի դեսպանը չի տիրապետում իրավիճակին’