‘Սկզբունքայինները. 2012-ի «հարամը» 2017-ին «հալալ» է’

7896

Հայաստանի քաղաքական միտքը զարգանում է առաջանցիկ տեմպերով: Դատեք ինքներդ՝ դեռ 4-5 տարի առաջ սենսացիոն նորություն էր թվում գաղափարը, ըստ որի, լինելով ընդդիմություն՝ կարելի է համագործակցության փորձ անել իշխանության երբեմնի մասնիկի՝ ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հանուն իշխանափոխության:

Ընդդիմության որոշ անդամներ այն ժամանակ հենց այս գաղափարը չընդունելու պատճառաբանությամբ դուրս եկան պայքարից ու դիրքավորվեցին՝ որպես ընդդիմության կատաղի ընդդիմություն: Այսինքն, հրաժարվելով մասնակցել մի գործի, որի նպատակն էր՝ իշխանությունից մի խոշոր բեկոր պոկելն ու նրան ընդդիմության դաշնակիցը դարձնելը, իրե՛նք դարձան բեկոր ու պոկվեցին ընդդիմությունից: Դրանից հետո ողջ խորհրդարանական ցիկլի ընթացքում նրանք քննադատում, հեգնում ու հայհոյում էին Կոնգրեսի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ու որպես դրա արդյունք՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը՝ համարելով այդ ռազմավարությունը անբարոյական ու անհեռատես: 2015թ. փետրվարին Սարգսյան-Ծառուկյան բացահայտ կոնֆրոնտացիայի ժամանակ նրանք նույնքան բացահայտ երկրպագում էին Սերժ Սարգսյանին, իսկ Ծառուկյանի տեղի տալուց հետո` չարախնդում վերջինիս վրա, որ ընկրկեց իշխանության ահաբեկմանը եւ հրաժարվեց իշխանափոխության համար պայքարից: 2015-ի  փետրվարից հետո այդ ուժերն արդեն բացեիբաց հայտարարեցին, որ իրենց պայքարը ոչ թե իշխանափոխության համար է, այլ «ընդդիմափոխության»:

Իսկ այն, ինչ կատարվեց հետո, իսկապես, «հուզիչ էր»:
2017-ի խորհրդարանական ընտրություն: Քվեարկությունից 3 օր առաջ վերը նշված «վճռական ընդդիմադիրներին» միավորած «Ելք» դաշինքը դիմում է ԿԸՀ՝ պահանջելով դպրոցի տնօրենների ձայնագրությունների եւ այլ փաստերի հիմքով չեղարկել ՀՀԿ գրանցումը: Արձանագրենք՝ ընտրություններից անմիջապես առաջ «Ելքը» համոզմունք ուներ, որ ընտրական գործընթացը կեղծվում է հօգուտ ՀՀԿ-ի: Մուկուչյանից մերժում ստանալով՝ դաշինքը բողոքարկում է վճիռը Վարչական դատարանում, բայց ժամանակի սղության պատճառով դատարանը գործը թողնում է առանց վճռի: Ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում «Ելքը» ստանում է ձայների 7,8%-ը եւ հայտարարում է, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ են:

Ինչեւէ: 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի ժամանակ «Ելքը» էլ ավելի հետաքրքիր վարքագիծ դրսեւորեց անվանական ընդդիմության դաշտում իր համար դաշնակիցներ փնտրելիս: Չնայած որ պաշտոնապես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, հենց առաջին օրը գրեթե ողջ կազմով կողմ քվեարկեց ԱԺ նախագահի՝ ՀՀԿ-ական թեկնածուի օգտին (այն դեպքում, երբ ընդդիմադիր «Ելք»-ը նույնպես թեկնածու ուներ), ապա պաշտպանեց ՀՀԿ-ի առաջադրած՝ ԱԺ փոխնախագահների, այնուհետեւ՝ ՀՀԿ առաջադրած մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, այնուհանդերձ, «Ելքը» չհրաժարվեց «Ծառուկյանի» հետ աշխատելու հեռանկարից՝ հայտարարելով, որ «համագործակցության համար դուռը բաց է»:

Այսպիսով, «Ելքի»  առաջնորդները ոչ միայն որեւէ տեսանելի կասկած չհայտնեցին «Ծառուկյան» դաշինքի՝ ընդդիմություն լինելու հետ կապված, այլեւ, ապացուցելու համար «Ծառուկյանի» ու նրա՝  «հանցագործ վարչախմբի դաշնակից», «քրեա-օլիգարխիայի ներկայացուցիչ» առաջնորդի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ որոշեցին քվեարկել ԱԺ ղեկավար պաշտոններում ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուների օգտին:

Այսինքն, մի կողմում նախկին ԲՀԿ խմբակցությունն է, որը հինգերորդ գումարման առաջին իսկ նստաշրջանից սկսած՝ հստակ դիրքավորվել էր որպես ընդդիմություն, թեեւ պաշտոնապես իրեն ընդդիմադիր չէր հռչակել, մյուս կողմից՝ «Ծառուկյան» դաշինքը, որը, թեեւ անվանապես ընդդիմություն է, բայց փաստացի իշխանության քաղաքականությանն ընդդիմանալու որեւէ նշան դեռ ցույց չի տվել: Միեւնույն ժամանակ, մի կողմից՝ 2012-ին Կոնգրեսից անջատված անձանց՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության գաղափարի հանդեպ անհանդուրժողականությունն ու դրա դեմ ակտիվ պայքարն է, մյուս կողմից՝ նույն այդ մարդկանց անթաքույց մղումը՝ դաշնակցելու փաստացի նույն ԲՀԿ-ի հետ՝ հանուն իշխանության դեմ վճռական պայքարի: Իշխանության, որի լեգիտիմությանը նրանք չեն կասկածում: Նախանձելի՜ սկզբունքայնություն:

Հ.Կ.

Նախորդ հոդվածը‘Թրամփի և Հռոմի պապի հանդիպումը տևել է կես ժամ’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի շինարարության վայրում չպայթած ռումբեր են գտել’