‘Սկսվեց «Մատաղիսի» գործով վերաքննիչ բողոքների քննությունը’

869

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, սկսվեց «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ.-ի դեկտեմբերի 18-ի դատավճռով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը անմեղ էին ճանաչվել ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողների՝ ամբաստանյալների ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի մահը:

Մեղադրող կողմը դատարանում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանը սուբյեկտիվ է գնահատել ապացույցները և կայացրել ակնհայտ անարդարացի դատավճիռ: Մեղադրող կողմը և տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը իրենց վերաքննիչ բողոքներում հիմնական շեշտը դրեցին նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որը ըստ նրանց լիովին ապացուցում է ամբաստանյալների մեղքը: Ըստ նրանց` չեն հաստատվել պաշտպանական կողմի հայտարարությունները, թե այդ ցուցմունքները տրվել են բարոյական, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների ազդեցության տակ:

Մեղադրող կողմը միջնորդեց բեկանել դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով 7, իսկ Մ.Սերոբյանին ու Ա.Զալյանին՝ 8-ական տարվա ազատազրկման: Տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը նույնպես՝ հիմնվելով Ռ.Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքի վրա, հայտարարեց, որ իր որդու մահվան մեջ մեղավոր են դատարանով արդարացված 3 անձինք, ուստի նրանք նորից պետք է հայտնվեն ճաղերի հետևում:

Վերաքննիչ բողոքների դեմ առարկություն է ներկայացրել գործով մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի, իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը, ով գտնում է, որ իսկական հանցագործներն արդեն 9 տարի է գտնվում են ազատության մեջ, իսկ Ռ. Սարգսյանը, Մ. Սերոբյանը, և Ա. Զալյանը անմեղ են:

Ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր առարկությունում հայտարարեց, որ մեղադրողների կողմից վկայակոչվող ցուցմունքից բացի գործով կա ևս մեկ խոստովանական ցուցմունք, որ տվել է վկա Արման Գրիգորյանը՝ նա իր ցուցմունքում տուժողների մահվան մեջ մեղավոր այլ անձանց է մատնանշել ու այլ շարժառիթներ: Ըստ պաշտպանի, Ռ. Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքը չակերտավոր ինքնախոստովանական ցուցմունք է տրվել՝ նրա նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների ազդեցության տակ: Այդ ցուցմունքում նշվող հանգամանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:

Վերաքննիչ բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները ամբաստանյալները կներկայացնեն մարտի 25-ի դատական նիստում:

Աղբյուրը՝ Փաստինֆո

Նախորդ հոդվածը‘Է. Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական վարքագծի վրա’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդակցություն` ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ’