‘Սմբատ Կարախանյան. «ՌԴ-ն երկխոսում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ»’

7436

Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սմբատ Կարախանյանը 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

— Փաստորեն, ՌԴ-ն  ունի  ՀՀ-ի հետ կապված  որոշակի ցանկություններ, բայց ինչպե՞ս է աջակցում ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն ձևավորելու գործընթացում  այն ուժերին, որոնց հետ Հայաստանում ավանդաբար աշխատել է:

— ՌԴ-ն, ինչպես ցանկացած դաշնակից երկիր, ցանկանում է, որ երկրում լինի լեգիտիմ իշխանություն՝ ընտրված ժողովրդի կողմից:  Բայց ՌԴ-ին ներքաշել ՀՀ քաղաքական պայքարի մեջ՝ սխալ է, Ռուսաստանն ինքն այդ պայքարի մեջ չի մտնում, պարզապես ցանկանում է, որ  ՀՀ-ում լեգիտիմ իշխանություններ լինեն,  և դա տեղի ունենա  բնականոն ճանապարհով: Ուստի այստեղ այլ տեսակի հարցեր չեն կարող լինել:

— Այսինքն՝  Դուք պնդում եք, որ այն կուսակցությունները, որոնք հայտնի էին իրենց ռուսամետ դիրքորոշմամբ և ՌԴ-ի հետ կապերով,  չե՞ն ստանում ՌԴ-ի աջակցությունը իրենց քաղաքական պայքարի ճանապարհին:

— Այդ քաղաքական ուժերը հայամետ են, նրանք չեն ապավինում ՌԴ-ին, որպեսզի ՌԴ-ն իրենց օգնի իշխանափոխության հարցում: ՌԴ-ն գնում է  երկխոսության, և կարող եմ պարզ ասել, թե ում հետ է երկխոսում. ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի: Այս իրավիճակում տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ են առաջանում, ակտիվանում են, ետ են գնում, առաջ գալիս. ռեալ քաղաքական կյանքում այսօրվա դրությամբ սա է՝  լավ է, թե վատ: ՌԴ-ն պետք է աշխատի այս երկրի  և  այս քաղաքական ուժերի հետ: Քաղաքական պայքարի միջոցով պետք է կատարվի իշխանության վերափոխում և իշխանական արատավոր համակարգի վերացում, որովհետև բոլոր երկրներն էլ լավ հասկանում են, որ ներքին, սոցիալական, քաղաքական, տնտեսական հարցերում ոչ մի լավ բանի հնարավոր չէ հասնել:

— Իսկ վերափոխումն ինչպե՞ս եք պատկերացնում: Այդ քաղաքական ուժերը, որոնց անունները Դուք նշեցիք,  ի զորո՞ւ են այս պայմաններում որևէ բան փոխել, այսինքն՝  ունե՞ն  դրսի աջակցությունը:

— Դրսի աջակցությունը շատ նուրբ խնդիր է: Եթե այդ ուժերը խնդրեին այդ աջակցությունը, նրանք կստանային, բայց հարցն այն է, որ  ինչքան էլ այդ ուժերին քննադատենք, նրանք   պահեցին իրենց հայամետ քաղաքականությունը՝ մեկը ավելի շատ, մյուսը՝ ավելի քիչ: Եթե  այդ ուժերը գային այստեղ և ասեին՝ եկեք մեզ վերցրեք ու կատարեք իշխանափոխություն, տիրեք և այլն, այդ դեպքում ինչ-որ արդյունքների կարող էին հասնել, բայց ի պատիվ իրենց՝ այնպես ստացվեց, որ այդ քաղաքական դեմքերը պահեցին իրենց, իսկ ՌԴ-ն դրան չէր գնա՝ հարգելով այդ ուժերին: Ու այսօրվա դրությամբ ՀՀ իշխանությունները վախենում են երկու բանից՝ դրսի ուժերից և սոցիալական բունտից:

— Միգուցե այդ ուժերը պահպանեցին իրենց դեմքը, ինչպես նշեցիք, բայց սեպտեմբերի 3-ի որոշումից հետո  ընդդիմադիր և այլընտրանքային քաղաքական ուժերը կարծես այլևս անելիք չունեն, չունեն լեգիտիմ իշխանություն ձևավորելու ճանապարհային քարտեզ և աջակցություն:

— Այդ ուժերը ձգտում են, բայց պետք է հաշվի առնել, որ դիմացը քրեաօլիգարխիկ համակարգ է, զինված ուժային  կառույց, որը ստանձնել է իշխանության ղեկը: Նրանք զինված առճակատումից խուսափեցին, բայց իշխանությունները հասկանում են, որ այդ ուժերի կողմից երկարատև քաղաքական պայքարը բերելու է հաջողության: Ու այսօրվա դրությամբ արդեն խառնել ՌԴ-ին այս ամենի մեջ՝ ճիշտ չէ: Ռուսաստանը չի ուզում խառնվել՝ եթե ցանկանար, կխառնվեր: ՌԴ-ն չի ցանկանում մտնել Հայաստան ու իշխանություն փոխել: ՌԴ-ն ունի իր ցանկությունները պարզապես, որը պետք է իրականացնի ՀՀ ժողովուրդը:

— Պարոն Կարախանյան, Պուտինի այցին ընդառաջ՝ տարբեր  տեղեկություններ են շրջանառվում, այդ թվում այն,  որ նախատեսվում են  հանդիպումներ, մասնավորապես՝ շրջանառվում են Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները, սակայն հնչեցին նաև կասկածներ, որ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով իշխանությանը հաջողվել է արգելափակել այդ հանդիպումները: Որքանո՞վ են հիմնավոր այս տեղեկությունները:

— Սերժ Սարգսյանն այս  հարցերում ոչինչ չի կարող անել: Այստեղ արգելափակելու խնդիր չկա:  Ընդհանրապես Սերժ Սարգսյանը նման հանդիպումները չի կարող արգելափակել: Եթե խոսում ենք այդ հարաբերությունների մասին, ապա բոլոր երեքի հետ էլ, մասնավորապես՝ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ՝ ոչ ուղղակիորեն, Պուտինը   երկխոսություն, քննարկումներ և վերլուծություններ անցկացնում է: Դա հաստատ կարող եմ ասել: Կարիք չկա, որ հեռուստաէկրանի առջև իրար ձեռք սեղմեն և ասեն. «բարև Ձեզ»:  Դրա անհրաժեշտությունն ամենևին  չկա: Պուտինը ոչ ուղղակի ավելի շատ քննարկումներ  անցկացնում է նրանց հետ, քան  Սերժ Սարգսյանի: Այստեղ խնդիր չկա:  Պուտինը ցուցամոլության և ճղճիմ քայլերի կողմնակից չէ: Ռեալ քաղաքականությունը տարվում է  շատ ավելի լուրջ և հանգիստ տեղերում, ոչ ճղճիմ և ցուցադրական: Խնդիր չեմ տեսնում, կարող է Պուտինը գալ և շատ հանգիստ Քոչարյանի հետ հանդիպել, բայց նման խնդիր չկա: Պուտինը, եթե ինչ-որ բան է ուզում ասել Քոչարյանին կամ  Տեր-Պետրոսյանին, նա դա անում է: Դա խնդիր չէ, ու ցուցադրական հանդիպումներով չէ, որ դա պետք է անի:

— Ձեր կարծիքով՝ այսօր ասելիք կա՞:

— Ասելիքները միշտ ասվում են և անընդհատ: Բոլոր կողմերը փոխանակվում են  տեսակետներով: Ասելիքը տեղ հասցնելու համար անհրաժեշտ չեն տեսախցիկների առաջ ձեռքսեղմումները: ՌԴ իշխանությունը ցուցադրական մեթոդներով չի աշխատում:  

Նախորդ հոդվածը‘Լիլիթ Գալստյան. Քայլ առ քայլ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռենո. Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ միջև փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ բանակցություններ են տարվում’