‘Սյունիքից ավելացավ ևս մեկ կոճակ սեղմող’

878

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն, թիվ 38 ընտրատարածքում նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ազգային ժողովի պատգամավոր է դարձել ՀՀԿ անդամ, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը:

Ըստ ԿԸՀ տվյալների, ընտրատարածքի 18 695 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 802 ընտրող: Արմեն Կարապետյանը ստացել է 6 971 ձայն, «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը`  1 449:

Թիվ 38-ում պատգամավորական մանդատը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ երեկ դիմել էր ոստիկանություն: Ինչպես Tert.am-ին տեղեկացրել էր  թեկնածուն, առավոտից Կապանի գիշերօթիկ դպրոցի տարածքում գումար են բաժանում:

«Ես հիմա ոստիկանության մեքենայից իջա, ոստիկանների հետ էի, ինձ արդեն մի քանի դեպքերի մասին տեղեկություններ են հասել, ընտրողները եկել են մեր շտաբ բողոքի, որ փող են բաժանում գիշերօթիկ դպրոցում տեղակայված ընտրատեղամասի տարածքում, բարևում են, 5000 դրամանոցը դնում ձեռքին, դրանք էլ դնում են գրպաններն ու գնում ընտրելու: Ոստիկաններին բերել եմ, թող իրենց աչքով տեսնեն»,- ասել էր Սամվել Հայրապետյանը և ավելացրեց. «Էս ա մեր ոստիկանությունը, էս ա իրենց արած գործը»:

Սամվել Հայրապետյանը նաև ասել էր, որ երեկ, երեկոյան ժամը 22-ից հետո տարբեր անձինք մտել են շենքերի մուտքերը, հերթով դռները ծեծել ու գումար են բաժանել. «Ու ոչ մեկն իրենց առաջը չի կտրել, ես էլ, որ ասում եմ, ասում են՝ փաստեր բերեք: Մի քանի օր առաջ ոչխարներ էին մորթել, քեֆեր էին արել, տարբեր տեղերում սեղաններ էին գցել ժողովրդի համար»:

Ընտրությունների ընթացքի վերաբերյալ կայքի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով Քաջարանում էր գտնվում, ասել էր, որ տեղամասերում հանգիստ վիճակ է, բայց վարչական ռեսուրս է կիրառվում։ «Տեղի է ունենում այն, ինչը մինչ այսօր հայտարարել ենք, ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործվում, ուղղորդված մարդկանց բերում են ընտրության»,- ասել էր նա:

Նշենք նաև, որ «նորընտիր» պատգամավորի, ինչպես նաև կոալիցիոն համարյա բոլոր պատգամավորի միակ գործառույթը լինելու է իր և իր բացակա ՀՀԿ-ական պատգամավորների փոխարեն կոճակ սեղմելը:

Նախորդ հոդվածը‘«Հետքը» հրաժեշտ կտա հայաստանյան մեդիադաշտին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’