«Սյունյաց երկիրը» Դավիթ Մաթեւոսյան հերոսի հայրական օջախում էր

1257

Կարճեւանում ենք… Ժայռերի վրա իրենց տեղը նվաճած տներից մեկը Դավիթ Մաթեւոսյանի հայրական տունն է: Այս տանը մեզ սպասում են, ընդհանրապես այս տան դռները միշտ բաց են, քանզի շատերն են ցանկանում լինել այն տանը, որտեղ ծնվել ու ապրել է իր գիտակցական ամբողջ կյանքը հային ու Հայաստանին անմնացորդ նվիրած քաջորդին:

Տիկին Սուսաննան սեղան է բացել, քանի որ Դավիթ Մաթեւոսյանի տուն մտնողն առանց հյուրասիրվելու չպիտի հեռանա: Սեղանին Դավիթ Մաթեւոսյանի ձեռքով պատրաստած գինին է…

«Սյունյաց երկրին» միացել է Մեղրիի պատվավոր քաղաքացի, ճանաչված ճանապարհաշինարար  Ազատ Գասպարյանը՝  Դավիթ Մաթեւոսյանի հարկի տակ իրենց ընկերությունը վերհիշելու, իր անսահման հարգանքն ընդգծելու:

«Սյունյաց երկիրը» այս դեպքում կոնկրետ մարդիկ են՝ Սամվել Ալեքսանյան, Գայանե Բաղդասարյան, Վահրամ Օրբելյան ու տողերիս հեղինակը:

Նստել ենք Դավիթ Մաթեւոսյանի ձեռքով պատրաստված նստարանին եւ ունկնդրում  ենք հերոսի մորը:

Դավիթ Մաթեւոսյանի  90-ամյա մոր հուշապատումի հետ մտովի հիսունհինգ տարի հետ  ենք գնում, պատկերացնում 10-ամյա Դավիթ մանկանը, ով մառախուղի ու տեղատարափ անձրեւի ժամանակ իրեն չի կորցրել ու ջորին հեծած՝ անվնաս, տուն վերադարձել հեռու սարերից:

Մեր աչքերը չեն կարող չոր մնալ, երբ մորմոքվող մայրը պատմում է, թե ոնց է իր որդին բոլոր պաշտոններից ամենապատվաբերը հայրենի հողը պաշտպանելը համարել, ինչպես է իր կյանքը ստույգ վտանգի տակ դնելով՝ մտել Նախիջեւանի Օրդուբադի շրջան ու գերի բերել ազերի մեկին, որ Ադրբեջանում պատանդված 14 հայի հետ փոխանակի…

 «Դավիթս ասում էր՝ «էն քարը հազար Մոսկվայի գին ունի աչքումս»».-պատմում է Երմոնիա մայրիկը: Մենք ինքնաբերաբար հայացքներս ուղղում ենք Մաթեւոսյանի մոր ցույց տված գյուղամերձ ժայռին ու արդեն Դավիթ Մաթեւոսյանի աչքերով փորձում  նայել երկնասույզ գագաթներին. իսկապես, մեր երկիրն անպարտելի է, քանի դեռ Դավիթ Մաթեւոսյաններ են ծնվում, քանի դեռ մեր ժայռերը հազար մոսկվաների գին ունեն…

Այստեղ ոչ միայն մարդիկ, այլեւ ամեն քար ու քարափ Դավիթ Մաթեւոսյանից բարի հուշեր ունեն, ու տիկին Սուսաննան չի ընդդիմանում, երբ Դավիթ Մաթեւոսյանի համար կենաց թաս ենք բարձրացնում, քանզի Դավիթ Մաթեւոսյանը, ըստ նրա, բացակա լինել ու հանգուցյալ համարվել չի կարող, որովհետեւ ամեն անկյունը Մաթեւոսյանինն է՝ փայտը, որ շարել է իր ձեռքով, ծառերը, որ ինքն է տնկել, ծաղիկները, գինին, որ գավաթներում է, էն ժայռն ու երկու կողմից թշնամիներով շրջապատված այս գյուղը…

Տիկին Սուսաննան ընդգծում է իր հպարտությունը, որը նոր չէ. Դավիթ Մաթեւոսյանի կինը լինելը, նրա հետ կյանքի ճանապարհ անցնելն ու Դավիթ Մաթեւոսյանի երեխաների մայրը լինելը միշտ էլ այս ուժեղ եւ յուրահատուկ ոգի ունեցող կնոջ հպարտությունն են եղել.«Ես ամուսին եմ կորցրել, մենք մեծ մարդ ենք կորցրել, բայց նաեւ հոգիս եմ կորցրել, հոգիս, որ ինչ-որ բառ կամ արտահայտություն չէ, հոգիս, որ մեկ այլ՝ ֆիզիկական ձեւ ու շոշափելի կերպ ունի… Արցախի կորուստն իմ վիշտը կրկնակի է դարձել…»:

Մենք հրաժեշտ ենք տալիս Դավիթ Մաթեւոսյանի հյուրընկալ օջախին՝ մեզ հետ այս տնից տանելով ամուսնու՝ հայրենիքը կյանքով պաշտպանելու որոշումն արժեւորող կնոջ արցունքոտ հպարտությունը, Ջրականի զորամասի հետ պատերազմի բովով անցած Ղեւոնդ որդու՝ հոր գործը շարունակելու անսասան կամքն ու հայրենիքի նվիրյալ ծնելու, հայրենիքի նվիրյալ  դաստիարակելու կենդանի օրինակ՝ 90-ամյա Երմոնիա Մաթեւոսյանի մորմոքվող, բայց չկոտրվող կերպարը:

Տիգրանուհի Բադալյան

Սյունյաց երկիր

Նախորդ հոդվածը«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակում են որոնել անհետ կորածներին
Հաջորդ հոդվածը«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնումները շարունակվում են