Սոլովյովը «ԼԳԲՏ պարեր» է տեսել Եկատերինբուրգի դպրոցում

416

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Եկատերինբուրգի դպրոցում անցկացվող պարային մրցույթի մասնակիցներին մեղադրել է «ԼԳԲՏ քարոզելու» մեջ։

Մրցույթը կայացել է մայիսի 12-ին։ Եկատերինբուրգի թիվ 12 լիցեյի աշակերտները սկզբում պարել են վարդագույն շապիկներով, ապա հանել են դրանք և մնացել ուսակապերով։ Համարի վերջում երկու տղա երրորդին վեր են բարձրացրել ոտքերից, իսկ չորս տղաներ գրկախառնվել են։

Պարին ուշադրություն է դարձրել «Ուրալ․Live» ալիքը, որը կապ ունի Սոլովյովի հետ։ «Թիվ 12 լիցեյի աշակերտները ուսումնական տարին փակել են ԼԳԲՏ պարով՝ բոլոր աշակերտների աչքի առաջ, իսկ դրանից հետո էլ նրանց պարգևատրել են խիզախության համար»,- հաղորդել է հեռուստաալիքը։

«Ազատության շունչ ելցինկենտրոնավարի, բայց հաստատ՝ ո՛չ ուրալավարի։ Ես սպասում եմ, ինձ հետաքրքիր է՝ նահանգապետը նո՞ւյնպես մրցանակ կտա։ Իսկ Եկատերինբուրգի քաղաքային դո՞ւման։ Չէ՞»,- իր ալիքի եթերում հայտարարել է Սոլովյովը։ Ի դեպ, Եկատերինբուրգում է գտնվում Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թանգարանը։

Լիցեյի տնօրենին աշխատանքից հեռացնելու առաջարկի դեմ են հանդես եկել դպրոցի ծնողները, որոնք ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն տնօրենի։ Նրանցից մեկը հայտարարել է, որ Սոլովյովը պետք է ներողություն խնդրի տնօրենից, իսկ մեկ ուրիշն ասել է, որ Սոլովյովը «ամեն տեղ միայն կեղտ  ու երկնագույններ է տեսնում»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Նադալը հաղթել է Ջոկովիչին
Հաջորդ հոդվածըՍեվերոդոնեցկն անցնում է ՌԴ բանակի վերահսկողության տակ