‘Սոչիում օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար արդեն ծախսվել է $38 մլրդ’

796

2014 թ. Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ ծախսվել է 1 տրիլիոն 136 միլիարդ ռուբլի (մոտ $38 մլրդ), ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման պետական կոմիտեի համար նախապատրաստված զեկույցում: Փաստաթղթում նաև նշվում է, որ ծախսված գումարը կազմում է նախատեսված 1 տրիլիոն 525 միլիարդ ռուբլու 74,5 տոկոսը: Փոխվարչապետ Դմիտրի Կոզակը լրագրողներին պարզաբանել է, որ 200 միլիարդը ծախսվել է օլիմպիական օբյեկտների և դրանց գործունեությունն ապահովող օբյեկտների շինարարության վրա: Տարածաշրջանի ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհային ենթակառույցների զարգացման վրա կատարված ծախսը  կազմում է 500 միլիարդ ռուբլի: Կոզակը նաև նշել է, որ առջիկա օրերին կհաստատի Օլիմպիական խաղերի ժառանգության ծրագիրը: «Չի կարելի սպասել, թե երբ կընդունվի օրենքը,-ասել է նա:- Ծրագրի մասնակիցները պետք է իմանան, թե որ օբյեկտներն են համարվում ժառանգություն, որը ում է անցնելու, և ինչ միջոցներ են ներդրվելու»: Փոխվարչապետը պարզաբանել է, որ այդ ծրագրի մեջ ընդգրկված է 378 օբյեկտների շինարարությունը: Մասնավորապես, Կոզակի խոսքով՝ Մեծ սառցե պալատը կմնա քաղաքին և կվերածվի մարզական և զվարճանքի կենտրոնի, ճանապարհները մասամբ կմնան որպես դաշնային սեփականություն, մասամբ կանցնեն քաղաքային սեփականությանը:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն չի մեկնաբանում Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է որոտացել’