‘Սոչի. Օլիմպիադա՝ փշալարերի ետևո՞ւմ’

1722

BBC-ի «Պաշտոնյայի բլոգ» (Блог чиновника) խորագրի ներքո կեղծանվամբ հանդես եկող Դմիտրի Գրեբեննիկովը ներկայացրել է իր դիտարկումները Սոչիի 2014 թ. Օլիմպիական խաղերի վերաբերյալ:

Մեկ ամսից պակաս է մնացել Սոչիի Օլիմպիական խաղերի մեկնարկին, իսկ պաշտոնյաների կաբինետներում ավելի ու ավելի են վախենում, որ Օլիմպիադան կավարտվի ահռելի սկանդալով: Խոսքով և թղթի վրա կարծես թե ամեն ինչ կարգին է՝ օբյեկտները հանձնված են, անվտանգության ուժեղացված միջոցներ են մտցված, ու նաև՝ Խաղերը բոյկոտելու մասին արդեն վաղուց չեն խոսում: Սակայն զրուցելով մի քանի պաշտոնյաների հետ ու լսելով Սոչիից նոր վերադարձած մարդկանց պատմությունները՝ ես եկել եմ այն եզրակացության, որ առաջիկա մրցումները հազիվ թե մարզական տոն հիշեցնեն:

«Դա իսկական հատուկ գործողություն կլինի, Վոլգոգրադում պայթյուններից հետո շատ մեծ է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը, և բոլոր ուժերը նետված են ծառայելու այն բանին, որ մուկն անգամ չկարողանա ներս թափանցել: Իսկ որքան խիստ են միջոցառումները, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք ինչ-որ մեկին դուր չեն գա»,- ասում է գործընկերս, որը ծառայության բերումով կապ ունի մրցումների անվտանգության ապահովման հետ: Ծանոթներս, ովքեր Սոչիում են եղել մինչև հունվարի 7-ը, երբ այնտեղ սկսեց գործել գրանցման հատուկ ռեժիմը, պատմում են, որ քաղաքն արդեն իսկ գտնվում է ռազմական դրության մեջ՝ պողպատյա ճաղերը և պատնեշները հյուրերին դիմավորում են հենց երկաթուղային կայարանում:

Ասենք՝ հենց նման իրավիճակում Սոչիի բնակիչները կարող են համեմատաբար անվտանգ զգալ իրենց Խաղերի ընթացքում, ինչը չես ասի մյուս տարածաշրջանների բնակիչների մասին: Մեզ մոտ նույնիսկ ծխարաններում քննարկվող հիմանական թեմաները ամանորյա արձակուրդներից հետո էլ դեռ շարունակում են մնալ Վոլգոգրադի պայթյունները: Իսկ դրան հիմա էլ ավելացել են Ստավրոպոլյան մարզում վարորդների անհասկանալի սպանությունները և ավտոմայուղիներում անվտանգության միջոցների նոր խստացումները, ինչը գրեթե անհնար է դարձնում, առանց անձնական իրերդ հանձնելու՝ օդանավով թռչելը:

Վարչության ծանոթիս կարծիքով՝ վախի և լարվածության մթնոլորտն ամբողջ ժամանակ մեզ կուղեկցի՝ մինչև Օլիմպիադայի ավարտը: «Դա արդեն ինչ-որ խելագարություն է, գոնե ամեն ինչ շուտ ավարտվեր, վերադառնայինք մեր նորմալ կյանքին»,- ասում է նա:

Ոչ պակաս լարվածություն է նկատվում նաև այն մարդկանց շրջանում, ովքեր պատասխանատու են Խաղերի անցկացման համար: Պատճառը պարզ է՝ կառուցված օբյեկտների որակը: Ինչպես ասաց մի մարզական ֆեդերացիայի պաշտոնյա, ով այցելել էր Սոչի, «եթե ոչ մի բան չփլվի ու ցած չընկնի՝ փառք կտանք Աստծուն»: «Այն, ինչ ներդրվել է շինարարության մեջ, և այն, ինչ ստացվել է՝ սար ու ձորերի տարբերություն է: Գողացվել է մեկ երրորդը»,- շարունակում է նա: Ի դեպ, նույնպիսի գնահատական են տվել նաև ՄՕԿ-ի անդամները:

Այս իրավիճակում ակամայից հարց է առաջանում՝ եթե Օլիմպիադայի կազմակերպումը նման դժվարությունների է բախվում, ու դրանից տոն դուրս չի գալու, ո՞ւմ էր դա պետք: Իմ ընկերներից շատերն ասում են, որ դա, ամենից առաջ, Պուտինի անձնական նախագիծն է, որը կոչված է ողջ աշխարհին ցուցադրելու Ռուսաստանի վերածնունդը: Սակայն այն խնդիրները, որոնց բախվում են իշխանությունները՝ Օլիմպիադայի մոտենալուն զուգընթաց, խոսում են այն մասին, որ հեղինակության կորուստը կարող է շատ ավելի մեծ լինել, քան ձեռքբերումը: Ինչ արժե հենց միայն Ռուսաստանում ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց շուրջ ծավալված հիստերիան, որը դարձել է նախաօլիմպիական հիմանական թեմաներից մեկը:

Ընկերներիցս մեկն ասում է՝ համաշխարհային լրատվամիջոցների «շնորհիվ» Սոչիի խաղերին հավանաբար կկպչի «Օլիմպիադա՝ փշալարարերի ետևում» անվանումը: Լավագույն համեմատությունը չէ, բայց հենց նման կերպար կարող է ձեռք բերել Սոչին, եթե հաշվի առնենք այն, ինչ այսօր տեղի է ունենում նրա շուրջ: Եւ այս սկանդալային համապատկերին, մի տեսակ՝ լրիվ երկրորդ պլան է մղվում Օլիմպիադայի մարզական բաղադրիչը: Մնում է հուսալ, որ գոնե դա մի քիչ կզարդարի այն անհաճո տեսարանը, որն ստեղծվել է Սոչիի Օլիմպիական խաղերի շուրջ:

 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ժպիտը ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծահասակ երևանցիների 8 %-ը տառապում է անհանգիստ ոտքերի սինդրոմով ‘