‘Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով’

862

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Արտաշեսի Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Սեպտեմբերի 26-ին կյանքի 84-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ 

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց  շքանշանակիր Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր: 1997- 2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 2008թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ: Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: 

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի»(1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ»(1977թ.)‚ «Ձորի Միրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին» (1985թ.): ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը: Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսոր Կիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛կինոբեմադրությունների հաջողված փորձեր: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ սահմանապահների պարզաբանումը. Փոստանջյանն ու իր ուղեկցող անձինք իրենց դրսևորել են հանդուգն կերպով’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը ‘