‘Սուբսիդավորելը սխալ է` սուբսիդավորել’

1596

 Գազի թանկացման հետեւանքները մեղմելու նպատակով կառավարության որոշումը ոչ տեսականորեն, ոչ գործնականորեն ավելի վատը չէր կարող լինել, քան այն, ինչ որոշվեց երեկ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ ինքը նամակ է հղել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ հայտնել, որ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը: Նույն Տիգրան Սարգսյանը երեքուկես տարի առաջ քննադատել էր գազի գնի սուբսիդավորումը 2006-2008 թվականների ընթացքում: Ու հիմա ինքն է հայտարարում, որ գազի գինը սուբսիդավորվելու է: Այս հակասությունը մեկնաբանելու առաջարկով դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանին, որը շուտով մեզ փոխանցեց վարչապետի կարճ մեկնաբանությունը. «Սուբսիդավորման մեխանիզմները տարբեր են լինում: Սուբսիդավորման այն մեխանիզմը, որը առաջարկվում է, այժմ քննարկվում է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ եւ դրա մասին լրացուցիչ հանրությունը անպայման կտեղեկացվի բանակցությունների ավարտից հետո: Կարծում ենք, որ դա ընդունելի կլինի նաեւ ձեզ համար»,- մեկնաբանել է Տիգրան Սարգսյանը: Գազի գնի համատարած սուբսիդավորումը անկախ դրա մեխանիզմներից, չի կարող ընդունելի լինել նրանց համար, ովքեր շատ թե քիչ ծանոթ են ազատական եւ մրցակցային տնտեսության հիմնական սկզբունքներին: Համատարած սուբսիդավորումը մամռակալած բոլշեւիզմի դրսեւորում է, որը հետապնդում է երկու նպատակ` պոպուլիզմ եւ օլիգարխների էլ ավելի հարստացման նպատակ: Իհարկե, կարճաժամկետ առումով դա ունենում է որոշակի դրական էֆեկտ: Բայց դրա թողած բացասական էֆեկտը այնքան մեծ է, որ դրականը շատ արագ կուլ է գնում դրան: Ու դրանում համոզվելու համար պետք չէ շատ հեռու գնալ, այլ պետք է ընդամենը ուսումնասիրել հենց Հայաստանի ոչ վաղ անցյալը:

Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը 2006 թվականին ռուսներին վաճառվեց 148 միլիոն դոլարով: Եւ այդ ամբողջ գումարը ուղղվեց գազի սակագնի սուբսիդավորմանը: Դա այն ժամանակ բացատրվում էր նրանով, որ գազի գնի աճը զսպելով` խթանում ենք արդյունաբերությունը: Բայց շուտով պարզվեց, որ հատկապես այդ տարիներին մեր արդյունաբերությունը դեգրադացիա է ապրել: 2008-ին սուբսիդավորումը ավարտվեց, գազը էլի թանկացավ ու այդ սուբսիդավորման միակ էֆեկտը մնաց այն, որ Հայաստանը կորցրեց կանխիկ 148 միլիոն դոլար: Մեծ հաշվով որեւէ այլ էֆեկտ դա չթողեց: Ընդ որում, այդ 148 միլիոն դոլարի մեծագույն մասը գնաց հենց մեծահարուստներին: Նույնը լինելու է հիմա: Եւ դա դժվար չէ ներկայացնել մի պարզ օրինակով: Նախ կատարենք հետեւյալ հաշվարկը: Եթե կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսը, նշանակում է` 270 դոլարանոց գազը դառնալու է 189 դոլար: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր խմ գազի դիմաց կառավարությունը սուբսիդավորելու է 34 դրամ: Հիմա պատկերացրեք մի միայնակ թոշակառու, որը ձմռանը գրկում է իր վառարանը, խնայում է գազը, որքան հնարավոր է, որպեսզի քիչ վճարի դրա դիմաց: Այդ խնայելու արդյունքում նա ամսական վառում է մի 35 խմ գազ: Սուբսիդիայի շնորհիվ նա կստանա ընդամենը 1000 դրամի «օգուտ»: Հիմա պատկերացրեք մի մեծահարուստի, որը նույն գազով տաքացնում է իր եռահարկ կամ քառահարկ առանձնատունը, հսկայական փակ ջրավազանի ջուրը եւ իր ձմեռային այգին: Նա ամսական կծախսի մի 2000 խմ գազ: Սուբսիդավորման շնորհիվ նրա «օգուտը» կկազմի մոտ 70 հազար դրամ: Ուրեմն ստացվեց, որ համատարած սուբսիդիա կիրառելու արդյունքում ՀՀ պետական բյուջեն ամեն ամիս վառարանի մոտ կուչ եկած միայնակ տատիկին կտա հազար դրամ, իսկ մեծահարուստին` 70 հազար դրամ: Ավելի անարդար լուծում պարզապես հնարավոր չէ գտնել: Չէ՞ որ սուբսիդավորմանը ուղղված գումարները օդից չեն ստացվում, այլ հարկատուների վճարած գումարներն են: Ու ստացվում է, որ մենք` հարկատուներս մեր հաշվին, ամեն մի մեծահարուստի ամսական 70 հազար դրամ ենք նվիրում, որ նա կարողանա ոչ միայն տաքուկ ապրել, ու լողալ նույնքան տաքուկ ջրավազանում: Իսկ վերը նշված տատիկին մի հազար դրամ ենք շպրտում: Նույնը` տնտեսվարողների դեպքում: Փոքր ծավալներ ունեցող հացի փուռը շատ ավելի քիչ է շահում սուբսիդավորումից, քան հսկայական ցեմենտի գործարանը: Կոնկրետ տնտեսվարողներին սուբսիդիաների հաշվին էժան գազ տալը ստիպում է նրանց բոլորովին չմտածել արտադրության արդիականացման, արտադրության արդյունավետության բարձրացման մասին: Դա մի առանձին խոսակցության թեմա է:

Իսկ հիմա տեսնենք, թե կառավարությունը որտեղից կարող է ճարել այդ գումարը, որը միայն մեկ տարվա համար կազմում է մոտ 150 միլիոն դոլար: Պետական բյուջեի ծախսային մասում նման գումար նախատեսված չէ: Իր մեկնաբանության մեջ վարչապետը ակնարկում է ռուսական կողմի հետ քննարկվող մի ինչ-որ մեխանիզմի մասին: Ունենալով հարուստ եւ դառը փորձ, կարելի է հասկանալ, թե ինչ մեխանիզմի մասին է գնում խոսքը: էլի ինչ-որ գույք ենք հանձնելու ռուսներին: Դա կարող է լինել «Հայռուսգազարդի»` ՀՀ-ին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը, Որոտանի կասկադը, կամ ասենք «Նաիրիտը»: «Նաիրիտի» դեպքում իհարկե կհնչեն բարձրագոչ հայտարարություններ, թե շնորհիվ կառավարության փայլուն գործունեության, ռուսները այն կվերցնեն կաշխատեցնեն, հետն էլ կսուբսիդավորեն գազի գինը: Եթե ռուսները պատրաստ են «Նաիրիտի» դիմաց մի քանի հարյուր միլիոն դոլար վճարել, ապա այդ գումարը կարելի է շատ ավելի հեռանկարային ու արդյունավետ օգտագործել ու ոչ թե ֆինանսավորել մեծահարուստների կայֆերն ու նրանց պատկանող ձեռնարկությունները:

Հայկ Գեւորգյան/«Հայկական Ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Սպասվում է անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘«Հիմա բլոգերիկները ոտուձեռ են ընկել իրավիճակը ներկայացնելու այնպես, թե զոհի միակ թշնամին Վանաձորի ՌՈ-ում պահվող զինվորն է»’