Սուդանում հրադադարը խափանվել է

247

Չնայած կրակի դադարեցման վերաբերյալ Սուդանում հակամարտող կողմերի միջև ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ հինգշաբթի Հարթումի կենտրոնում վերսկսվել են կատաղի մարտերը։

Փոխհրաձգության ժամանակ Հարթումի շրջաններից մեկում սպանվել է երկրում հանրահայտ դերասանուհի Ազիա Աբդելմաջիդը։

Սուդանի կանոնավոր բանակը շարունակում է, այսպես կոչված՝ «Արագ աջակցության ուժերի» (RSF) ռազմականացված կազմավորումներին նախագահական նստավայրի և զինված ուժերի շտաբի մոտից ետ մղելու փորձերը։

Հաղորդում են նաև, որ ծանր մարտեր և կենտրոնացված գնդակոծություններ են ընթանում Հարթումի արբանյակ-քաղաքներում՝ Օմդուրմանում և Բահրիում։

Հինգշաբթի առավոտյան բանակի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընդունել են կրակի դադարեցման ռեժիմը երկարացնելու առաջարկը։ Սակայն գեներալ Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի (զինված ուժերի ղեկավարը և երկրի փաստացի նախագահը) ներկայացուցիչը կոչ է արել  կիրառել, այսպես կոչված՝ «երկրամասում խնդրի աֆրիկյան լուծումը»՝ հայտարարելով, որ հակամարտությունը կարելի է լուծել միայն ուժային ճանապարհով, և RSF-ի հետ որևէ ուղիղ բանակցություն չի լինի։

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Սուդանում հումանիտար ճգնաժամ է սպասվում։ Կազմակերպության տվյալներով՝  ապրիլի 15-ին հակամարտության մեկնարկից հետո Սուդանից հարևան երկրներ է փախել առնվազն 100 հազար մարդ, և սպասվում է, որ մոտ ժամանակներս նրանց կմիանա ևս 800 հազար մարդ։ ՄԱԿ-ի հաշվարկներով՝ այդ բոլոր փախստականներին առաջիկա 5 ամիսներին պահելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 450 մլն դոլար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿանադան կանչել է ՉԺՀ դեսպանին և սպառնացել արտաքսել դիվանագետներին
Հաջորդ հոդվածըՕրբան․ Հեքիաթ է այն իրավիճակը, թե ՌԴ-ն կպարտվի և կհամակերպվի դրան