Սունակը խոստանում է ՌԴ-ի ու ՉԺՀ-ի հանդեպ պրագմատիկ մոտեցում դրսևորել

281

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ երկրի իշխանությունները, ի պատասխան Ռուսաստանի և ՉԺՀ-ի գործողությունների, կղեկավարվեն միջազգային հարաբերություններում պրագմատիկ մոտեցմամբ։

«Այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների արագությունը մեծացել է։ Մեր հակառակորդներն ու մրցակիցները երկարաժամկետ ծրագրեր են կազմում»,- ասել է Սունակը Սիթիի լորդ-քաղաքապետի կազմակերպած ճաշկերույթում իր ելույթի ընթացքում։

Ընդ որում, նա պնդել է, որ Ռուսաստանը «մարտահրավեր է նետում ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքներին», իսկ Չինաստանը «նպատակասլաց կերպով պայքարում է գլոբալ ազդեցություն ձեռք բերելու համար՝ օգտագործելով պետական իշխանության բոլոր լծակները»։

«Այդ մարտահրավերների դեմ կարճաժամկետ ծրագրերը կամ ցանկալին իրականության տեղ ընդունելը բավարար չեն։ Մենք չենք կարող կախում ունենալ սառը պատերազմի ժամանակների փաստարկներից կամ մոտեցումներից, կամ պարզապես անցյալի հանդեպ սենտիմենտալ վերաբերմունքից։ Հետևաբար՝ մենք էվոլյուցիոն թռիչք կկատարենք մեր մոտեցման հարցում»,- նշել է բրիտանացի վարչապետն արտաքին քաղաքականության թեմայով իր առաջին ծավալուն ելույթում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ում բուդդիստների ղեկավարը մեկնաբանել է Հռոմի պապի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ