‘Սուպերմարկետներում թանկացումներն ավելի զգալի են, քան փոքր խանութներում ‘

1405

Մի քանի օր է՝ մամուլում շրջանառվում են ամենօրյա սպառման ապրանքների թանկացման մասին տեղեկություններ: Մասնավորապես, խոսքը գնում է հացի, կաթնամթերքի, ծխախոտի թանկացման մասին:

iLur.am-ը փոքրիկ «շրջայց» կատարեց Երևան քաղաքի մի քանի սուպերմարկետներում և մթերային խանութներում՝ պարզելու համար թանկացման չափը եւ պատճառները:

Պարզվեց, որ քաղաքի սուպերմարկետներում իսկապես առկա է կաթնամթերքի թանկացում՝ 20-ից 50 դրամ, իսկ խանութներում՝ 10-ից 20 դրամ:

Նկատելի է նաև հացի թանկացումը. թե սուպերմարկետներում, թե խանութներում հացը թանկացել է 10-ից 20 դրամով: Վաճառողներից մեկի խոսքով՝ թանկացումը պայմանավորված է ալյուրի գնի բարձրացմամբ:

Սուպերմարկետների աշխատակիցները ամենօրյա թանկացման պատճառները չկարողացան բացատրել, իսկ, ահա, խանութների վաճառողները նկատեցին, որ նշված ապրանքները արդեն իսկ թանկացված գներով ստացել են առաքիչների կողմից:

iLur.am-ը հարցումներ է ներկայացրել կաթնամթերք արտադրող մի քանի կազմակերպությունների եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Պատասխանները ստանալու դեպքում կներկայացնենք ավելի մանրամասն տեղեկատվություն՝ հերթական թանկացման պատճառների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացած վնասվածքից հիշողության կորուստ է ունեցել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունն ահազանգում է դեղերի գների էական տատանումների մասին ‘