Սուրեն Սուրենյանց. Այդ խոստովանությունը Լևոնին պետք չէ, մեզ է պետք

1000

Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է.

«Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, իսկ մենք՝ սխալ. ասել է արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից մեկը՝ Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), որն ակտիվ մասնակցություն է ունեցել 1998-ի պետական հեղաշրջմանը։

Եթե նման անկեղծություն ունենար Ռոբերտ Քոչարյանը, ապա «Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, իսկ մենք՝ սխալ» խոստովանությունը կաներ գոնե իր նախագահության ավարտին՝ Երևանի փողոցներում տասը անմեղ մարդ գնդակահարելու փոխարեն:

Եթե նման անկեղծություն ունենար Սերժ Սարգսյանը, ապա «Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, իսկ մենք՝ սխալ» խոստովանությունը կաներ գոնե իր հրաժարականի տեքստում` 2018-ի ապրիլի 23-ին, երբ որոշեց սեփական պարտությունն ընդունել իր «տաղանդավոր» կառավարման հետևանք «խզբզոցի» հանդեպ:

Եթե նման անկեղծություն ունենար Նիկոլ Փաշինյանը, ապա «Լևոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, իսկ մենք՝ սխալ» խոստովանությունը կաներ 44-օրյա պատերազմի հենց մեկնարկին՝ ընդունելով, որ ինքն ընդամենը «ոչմիթիզականության» «լիբերալ» պրոդուկտ է:

Այդ խոստովանությունը Լևոնին պետք չէ, նա ոչ իշխանության է ձգտում, ոչ էլ փառքի կարիք ունի. 88-ի շարժման առաջնորդի ու Երրորդ հանրապետության հիմնադիր նախագահի կարգավիճակն արդեն նրա անունը գրել է Հայոց պատմության լուսավոր էջերում, որոնք Հանրապետության կայացման, Արցախի ազատագրման մասին են:

Այդ խոստովանությունը քաղաքական դաշտին է պետք, որի մի հատվածը «որբացած» է Կրեմլի պատերի տակ, մյուսն էլ՝ «որբացման» շեմին է Բրյուսելի ու Վաշինգտոնի ճանապարհներին:

Այդ խոստովանությունը մեզ պետք է՝ քաղաքական միտքը աշխարհաքաղաքական կողմնորոշումների «վիրուսից» մաքրելու, ռացիոնալ, ռեալիստական, պետականամետ հուն տեղափոխելու համար:

Նախորդ հոդվածըԼեգենդար Մարտինա Նավրատիլովան դարձյալ բուժում է ստանում քաղցկեղի դեմ
Հաջորդ հոդվածըԱնտոնովը մատնանշել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը «ռազմավարական սխալ» է