Սուրեն Սուրենյանց. Փաշինյանի հիմնական վախը. ո՞րն է լուծումը

593

Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրել է.

«Երեկ Պետրոս Ղազարյանի տաղավարում հյուրընկալված Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ասել է. «Եթե պետությունը փրկելը պահանջում է քայլ, որի պատճառով կարող ես կորցնել իշխանությունը, ապա միևնույն է` պետք է գնալ այդ քայլին»։

Լիպարիտյանն այդ միտքն արտահայտել է ԼՂ խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում:

Հմուտ դիվանագետի ակնարկն առավելապես վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բացահայտում է նրա վախերը, ինչի հետևանքով խաղաղության գործընթացը հայտնվել է գործող վարչապետի իշխանասիրության սարդոստայնում:

2018-ի հեղափոխությունը կարելի էր բեկումնային համարել, եթե Փաշինյանն օգտագործեր լեգիտիմության մեծ պաշարը ու գնար ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհով՝ կանխելով ազգակործան պատերազմը:

Այլ խոսքով, Փաշինյանը պետք է վերադառնար մեր պետության այն հանգրվանին, որն ընդհատվել էր հայկական «թերմիդորի» պալատական հեղաշրջմամբ:

Բայց Փաշինյանը տառապում էր Տիգրան Մեծ դառնալու մարմաջով, ինչի հետևանքով ոչնչացվեց Արցախի սուբեկտությունը, անդառնալի հարված հասցվեց Հայաստանի պետականության ողնաշարին:

Հիմա էլ Փաշինյանը չի գնալու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բարդ ու ցավոտ լուծմանը, որովհետև վտանգելու է իր միակ «սրբությունը»՝ իշխանությունը:

Թերևս, միակ ռացիոնալ լուծումն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները լուծեն Հայաստանի հիմնական խնդիրը՝ այնպիսի իշխանության ձևավորման հարցը, որը պատրաստ կլինի առերեսվել իրականության հետ ու գնալ քաղաքական խիզախ լուծումների:

Բայց դրա համար նախ անհրաժեշտ է նոր որակի ընդդիմության կայացումը, որը կփորձի հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի շուրջ»:

Նախորդ հոդվածըԺամը 21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է. ՊՆ
Հաջորդ հոդվածըԴիվանից վեր կացան. ՉԻ