Սոֆիա․ Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալակիրներ

321

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը պարտվեցին ոսկե մեդալի համար գոտեմարտերում:

Ռուդիկ Մկրտչյանը 55 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունի հետ եւ պարտվեց վիճահարույց մրցավարության պայմաններում:

Առաջին մրցափուլում, թեեւ Ռուդիկ Մկրտչյանն ակտիվ էր, բայց գորգի մրցավարը պասիվ տվեց եւ պարտեր նստեցրեց: Թուրք ըմբիշը 2-միավորանոց գլորում կատարեց եւ 3 միավորով առաջ անցավ հաշվի մեջ: 

Երկրորդ մրցափուլում Ռուդիկ Մկրտչյանը նախ տուշե արեց, բայց գորգի մրցավարը չհաշվեց, ապա 2 միավոր վաստակեց: Գոտեմարտի վերջին վայրկյաններին հայ ըմբիշը եւս 2 միավոր ավելացրեց իր հաշվին, բայց Ուզունի մարզիչները չելենջ գցեցին: Կողային մրցավարները վերանայեցին հնարքը եւ բավարարեցին թուրք մարզիկի բողոքարկումը` պատճառաբանելով, որ Ռուդիկ Մկրտչյանը ոտքով պաշտպանվել է հնարքի ժամանակ: Ռուդիկ Մկրտչյանի հաշվից հանեցին 2 միավորը, հաղթանակը տվեցին թուրք ըմբիշին՝ 4:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հունից դուրս եկավ, նա քննադատեց մրցագորգի եւ կողային մրցավարի գործողությունները, նաեւ բարձրաձայնեց, որ հայ ըմբիշը տուշե արեց, որը չհաշվեցին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշայինների եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսիմ Ամաեւին:

Նախորդ հոդվածըԱլ-Իթիհադը Մեսսիին առաջարկել է 90 միլիոն եվրոյի պայմանագիր՝ թիմում անցկացրած յուրաքանչյուր մրցաշրջանի համար
Հաջորդ հոդվածըԴուբայ․ Ջոկովիչը պարտվեց Մեդվեդեւին (տեսանյութ)