‘Սպանել նախագահին՝ 10 հազար դոլարով’

987

Կոլումբիացի վարձու մարդասպանները, որոնք մահափորձ էին ծրագրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ, համաձայնել են այդ «աշխատանքը» կատարել ընդամենը 20 միլիոն կոլումբիական պեսոյի դիմաց, ինչը կազմում է մոտավորապես 10,5 հազար դոլար: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ՆԳ նախարար Միգել Տոռեսը:

Հիշեցնենք, որ օգոստոսին Վենեսուելայի հատուկ ծառայությունները մահափորձ կազմակերպելու կասկածանքով ձերբակալել էին Կոլումբիայի 22 և 18 տարեկան երկու քաղաքացիների: Վարձկանների մոտից հայտնաբերվել էին օպտիկական նշանառությամբ երկու հրացան, Մադուրոյի և խորհրդարանի խոսնակ Դիոսդադո Կաբելյոյի լուսանկարները: Իշխանությունները ենթադրում են, որ նախագահի վրա մահափորձ կազմակերպող խումբն ընդհանուր առմամբ  բաղկացած է եղել 10 հոգուց:

Ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները բացահայտել էին մեկ այլ մահափորձի ծրագիր, որի գլխավոր կազմակերպիչը, ըստ ՆԳ նախարարի հայտարարության, Լուիս Պոսադա Կառիլեսն էր, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում և Կարակասի ու Հավանայի կողմից մեղադրվում է ահաբեկչության մեջ: Երբ մահափորձը բացահայտվեց, Նիկոլաս Մադուրոն բացահայտ մեղադրեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այն բանում, որ նա ոչ միայն իմացել է պատրաստվող մահափորձի մասին, այլև շահագրգռված է եղել դրանում: «Ի՜նչ, Օբաման չի՞ իմացել այդ մասին: Նա՝ նախագահ Օբաման, այնքան անկարող է, որ նրա փոխարեն ԱՄՆ-ում որոշում են կայացնում սպանել լատինաամերիկյան պետության ղեկավարին՝ առանց իր գիտությա՞ն: Թե՞ նա այնքան թույլ է, որ ԱՄՆ-ում որոշել են ինձ սպանել, իսկ նա չի կարողացել դա կանգնեցնել: Կամ էլ նա ի՞նքն է որոշել ինձ ֆիզիկապես ոչնչացնել»,- MIGnews-ի փոխանցմամբ՝ հայտարարել էր Մադուրոն:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյանը Աժ-ում խոսել է Ամուլսարի եւ Արմեն Սարգսյանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի նկատմամբ կարող են քրեական գո՞րծ հարուցել’