‘Սպանվածի ընկերները հորդորում են ապատեղեկատվություն չտարածել’

2584

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս Երևանում սպանություն էր տեղի ունեցել. դանակահարվել էր Բաշինջաղյան 179 շենքի 24 բնակարանի բնակիչ Վազգեն Դալլաքյանը: Հիշեցնենք նաև, որ ոստիկանության հաղորդման համաձայն՝ հունվարի 19-ին, ժամը 18.35-ին, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն ներկայացել է քննչական բաժին և հայտնել, որ հունվարի 18-ին, ժամը 23.55-ին, Աբելյան փողոցի 3 շենքում Վ. Դալլաքյանին և Արման Ա.-ին հարվածել է դանակով, ինչի հետևանքով Վ. Դալլաքյանը մահացել է, իսկ Արման Ա.-ն ստացվել է մարմնական վնասվածք:
Բնականաբար՝ ոստիկանությունը զբաղվում է նախաքննությամբ, և սպանության պատճառների մասին կարծիքներ հայտնելը դեռ վաղ է: Սակայն որոշ լրատվամիջոցների անդրադարձը տեղի ունեցածի վերաբերյալ առնվազն տարակուսելի է: Խոսքը, մասնավորապես այն մասին է, որ որոշ կայքեր, հիմք ընդունելով միայն իրենց հայտնի անորոշ աղբյուրների տեղեկությունները, շտապել են գնահատականներ տալ սպանության զոհ դարձած Վազգեն Դալլաքյանի ունեցած համբավի և բնավորության վերաբերյալ:
 Հարկ ենք համարում նշել, որ ilur.am-ի խմբագրությանը դիմած, Վազգեն Դալլաքյանին անձամբ ճանաչած և նրա հետ ուսանած ընկերները ոչ միայն նկատել են տարածված ապատեղեկատվությունը, այլև իրենց պարտքն են համարել հատուկ շեշտել, որ Վազգենը առանձնացել է իր պարկեշտությամբ և համեստությամբ:
Նրա ընկերները նաև մեր միջոցով փոխանցել են իրենց հորդորը ապատեղեկատվություն տարածող ԶԼՄ-ներին՝ չտարածել չճշտված և ոչ ստույգ տեղեկատվություն:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Հիվանդ Ուրվականների Քաղաք’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Դուք ձեզ հարգեք, տեսնեմ՝ ո՞վ է, որ ձեզ չի հարգելու’