‘Սպանված զինծառայողի մայր. Տղաս իմացել էր հրամանատարի գաղտնիքը, դրա համար էլ սպանվեց (Տեսանյութ)’

1402

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի հերթական ակցիան էին անում զոհված զինծառայողների մայրերը , որոնց պնդմամբ՝  իրենց որդիներին սպանողները մնացել են անպատիժ:

Զոհված զինծառայողի մայր Իրինա Ղազարյանի խոսքով՝ իր տղան՝ Արթուր Ղազարյանը, արդեն 1 տարի 6 ամիս իր ծառայությունն էր անցկացնում ԼՂՀ Հադրութի 38.401 զորամասում:

«2010 թվականի  դեկտեմբերի 17-ին, ժամը 16:30, զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնանք «Մուրացան» զինվորական հոսպիտալ, իրենց խոսքով՝ մեր որդուն ծայրահեղ վատ վիճակում բերել են այդտեղ: Երբ շտապեցինք հոսպիտալ, մեր տղային գտանք մահացած վիճակում, ոտքերին ու ձեռքերին տեսանելի էին կապտուկները: Երբ պահանջեցի բացատրել, թե ինչու է իմ որդին մահացել, ինձ պատասխանեցին, թե իբր նա ոչ թե մահացած է, այլ գտնվում է կոմայի մեջ: Նրանց խոսքով՝ պատճառն այն է, որ իմ տղայի գլխուղեղի մեջ հայտնաբերվել է ուռուցք, և անհրաժեշտ է շտապ վիրահատել, որի համար էլ պետք է իմ համաձայնությունը: Զարմանալի է, որ որոշում կայացնելու համար ինձ տվեցին ընդամենը մեկ րոպե, այնինչ  տղայիս հոսպիտալ էին բերել դեռ առավոտյան և կարող էին այդ ժամանակ անհապաղ  վիրահատել, այլ ոչ թե ինձ հայտնել միայն ժամը 16:30-ին և սպասել, մինչև ես գամ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Ղազարյանի մայրը:

Իրինա Ղազարյանի պնդմամբ՝ վիրահատությունը պատրվակ էր թաքցնելու համար գլխուղեղի մեջ արյան զեղումը, որն առաջացել էր հարվածի հետևանքով: Երբ տիկին Ղազարյանը պահանջել է ցույց տալ ուռուցքի լուսանկարները, նրան մերժել են: Նրա խոսքով՝ դիահերձումից հետո տրվել է պատասխան, իբր թե տղան այդ ուռուցքը ունեցել է նախքան դպրոց հաճախելը, սակայն մոր հավաստիացմամբ՝ տղան լիովին առողջ է եղել՝ վկայակոչելով բժշկական փաստաթղթերը:

«Դեպքից մեկ ամիս առաջ տղայիս մոտ էի գնացել, նա պատմել էր, որ իր հրամանատար Մարտին Ջհանգիրյանը թուրքերի հետ հանցավոր համագործակցության արդյունքում զբաղվում է թմրանյութի փոխանակմամբ: Իսկ տղաս, հետախույզ լինելով, տեսել էր դա: Հենց դա է տղայիս սպանության հիմք հանդիսացել»,- եզրափակեց կինը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվեց, որպեսզի այս գործը կարճվի, և իսկական մեղավորները խուսափեն պատասխանատվությունից, սակայն ինքը լիահույս է և պատրաստ է պայքարելու  այնքան ժամանակ, մինչև իսկական մեղավորները հայտնվեն բանտախցում:

Նախորդ հոդվածը‘Իսկոյի համար հերթը երկարում է’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոցը» նորից դադարեցրել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը ‘