‘Սպանվել է Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը. ՀԺ’

2272

Հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաեւ դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի տիրույթում:

«Հայկական ժամանակ»-ն հայտնի է դարձել, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը:

Մարտի 1-ին ծանր վիրավորված Արթուր Ավագյանը պաշտոնապես տուժող էր ճանաչվել միայն 2008-ի սեպտեմբերի 2-ին՝ «Մարտի 1»-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ: 

Այսօր՝ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած Քոչարյանի եւ մյուսների գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությանը Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ տուժող Ավագյանը չի ներկայացել դատավարությանը, քանի որ նրա հայրը սպանվել է:

Արթուր Ավագյանը մարտի 1-ին, ժամը 22:15-ին, շտապ օգնության մեքենայով տարվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, մի քանի օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում եւ ստացած վնասվածքների պատճառով անգամ չէր կարողացել պատասխանել քննիչների հարցերին: Հիվանդանոցում արձանագրվել էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արթուր Ավագյանի վնասվածքները. «Պարանոցի եւ դեմքի հրազենային վնասվածք, տրավմատիկ շոկ, ձախ ենթածնոտային շրջանի պատռվածք վերք (հրազենային վերքի մուտք), աջ թշային շրջանի, վերին շրթունքի, բերանի աջ անկյան պատառոտված, ջնջխված վերք, հյուսվածքների արատ (հրազենային վերքի ելք): Լեզվի ենթալեզվային եւ թշային շրջանի լորձաթաղանթների պատառոտված եւ ջնջխված վերք… Ստորին ծնոտի հրազենային, բեկորային կոտրվածք ձախ անկյան շրջանում, ատամների լրիվ տեղաշարժով»: Արթուր Ավագյանի վիրահատությունը տեւել էր շուրջ 7 ժամ: Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետներն Արթուր Ավագյանին հետազոտել էին միայն մարտի 12-ին: Եւ արձանագրել էին, որ նա վերքերի եւ վնասվածքների պատճառով չի կարողանում բացել բերանը: Նաեւ նշել էին, թե հնարավոր չէ ասել՝ այդ հրազենային վերքերը գնդակայի՞ն են, կոտորակայի՞ն, թե՞ բեկորային: 

 

Նախորդ հոդվածը‘Կեյլոր Նավասը մտադիր է փոխել ակումբային գրանցումը’
Հաջորդ հոդվածը‘Տոկաևը հինգ տարով ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը’