‘Սպառողների միության նախագահ. Մեր կյանքը վտանգի տակ է, և նման վիճակ չի կարելի հանդուրժել (տեսանյութ)’

1398

Աշխատանքի տեսչության պետ Վարազդատ Դանիելյանը և սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այօսր լրագրողների հետ խոսել են օրենսդրական նոր նախաձեռնությունից, որն առնչվում է տաքսի ծառայության ոլորտին:

Արմեն Պողոսյանի  խոսքով՝ կառավարության քայլերն անտրամաբանական և անընդունելի  են.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկանում է տաքսի ծառայություններից հանել դեղին համարանիշը, ամենօրյա տեխզննման պահանջը և վարորդների ամենօրյա բուժզննման պահանջը: ՀՀ առողջապահության նախարարությունը կտրուկ դեմ է վարորդների ամենօրյա բուժզննումը հանելուն, սակայն  մենք գտնում ենք, որ բուժզննումը կարելի է իրականացնել ամիսը 2 անգամ: Վարորդների մեծ մասը, հատկապես՝ անհատ տաքսիստները, այսպես, թե այնպես ամենօրյա բուժննում չեն անցնում»,- նկատեց նա:

Ըստ նրա՝ դեղին համարանիշը օգնում է տարբերակել օրինական տաքսին անօրինականից: Իսկ ինչ վերաբերում է դեղին համարանիշերի համար գանձվող 17 հազ. դրամին, ըստ Արմեն Պողոսյանի՝ հարկավոր է նվազեցնել այդ գումարը:

Տաքսիների առատությունը նա բացատրում է Երևանի ավտոտրանսպորտի վատ վիճակով. այսօր Երևանի տրանսպորտի գրեթե իննսուն տոկոսը միկրոավոտբոսներ են, և մարդիկ երթևեկում են «անմարդկային պայմաններում»:

Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ով է վերահսկում, որ տաքսի ծառայությունների վարորդներն աշխատեն 8 ժամից ոչ ավելի, քանի որ իրականում աշխատաժամն անցնում է 12 ժամը՝ երբեմն հասնելով  մինչև իսկ 24 ժամի՝ սպառողների միության նախագահն ասաց.

« Նման իրավիճակն անկազմակերպ և վատ հսկողության հետևանք է: Նախ՝ ունենք աշխատանքային ու տրանսպորտային տեսչություններ, որոնց ուղիղ պարտականությունն է ստուգել աշխատանքային պայմանները, օրինականությունը, աշխատանքային պայմանագրի առկայությունը»: Նրա խոսքով՝ մեր կյանքը վտանգի տակ է, և նման վիճակ չի կարելի հանդուրժել:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. 17/05 տեղամասը ՍԴ-ն որևէ կերպ չի կարողացել տեղավորել օրինականության և ազատության ֆորմուլայի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահի պաշտոնին առայժմ հավակնում է վեց մարդ’