Սպիտակ տունը վիրավորական է համարում Լավրովի հայտարարությունը

183

ԱՄՆ վարչակազմը վիրավորական է համարում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի դեմ դաշինք ստեղծելու ուղղությամբ Վաշինգտոնի քայլերը կարելի է համեմատել Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ և ուղղված են «ռուսական հարցի» վերջնական լուծմանը։

 Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

Նա «զավեշտալի» է անվանել հայտարարություններն այն մասին, թե արևմտյան երկրները «սպառնում են Ռուսաստանի գոյություն ունենալու իրավունքին»։ Քիրբիի խոսքով՝ Լավրովն իրավիճակը ներկայացնում է «իսկապես վիրավորական լույսի ներքո»՝ դիմելով համեմատության «Հիտլերի և Հոլոքոստի հետ»։

Լավրովը ռուսաստանյան դիվանագիտության 2022 թ․ գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Ինչպես Նապոլեոնն էր, ըստ էության, մոբիլիզացրել ողջ Եվրոպան ընդդեմ Ռուսական կայսրության, ինչպես Հիտլերն էր մոբիլիզացրել ու զավթել, զինել եվրոպական երկրների մեծ մասը և դրանք նետել Խորհրդային Միության դեմ, հիմա էլ ԱՄՆ-ն է կազմակերպել դաշինքներ, ըստ էության՝ բոլոր եվրոպացիներով, որոնք ՆԱՏՕ-ում են կամ դրանից դուրս, ԵՄ անդամներին նույնպես, և Ուկրաինայի միջոցով պատերազմ է մղում մեր երկրի դեմ՝ նույն նպատակով՝ վերջնականապես լուծել «ռուսական հարցը»։  Ճիշտ նույն կերպ Հիտլերն էր ուզում լուծել «հրեական հարցը», հիմա էլ արևմտյան քաղաքական գործիչները միանշանակ ասում են, որ Ռուսաստանը պետք է ռազմավարական պարտություն կրի»։

Լավրովը նշել է, որ իրադարձություններն Ուկրաինայում «ՌԴ-ի դեմ  լայնածավալ հիբրիդային պատերազմ սկսելու՝ ԱՄՆ-ի և նրա արբանյակների բազմամյա նախապատրաստության արդյունքն են»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըAusOpen. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըԹուրքական «Հայրենիք» կուսակցությունը երկիրը ՆԱՏՕ-ից դուրս բերելու քարոզ է սկսել