‘Սվետլանա Դավիդովայի դեմ հարուցված՝ պետական դավաճանության գործը կասեցվել է’

1322

Ուկրաինայի դեսպանատուն զանգահարելու համար պետական դավաճանության մեջ մեղադրվող բազմազավակ Սվետլանա Դավիդովայի դեմ հարուցված քրեական գործն այսօր կասեցվել է, հաղորդել է նրա փաստաբան Իվան Պավլովը, ով հրաժարվել է մանրամասներ հաղորդելուց:

ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ անցյալ տարվա ապրիլին Դավիդովան զանգահարել էր Ուկրաինայի դեսպանատուն և տեղեկացրել, որ Սմոլենսկի մարզի Վյազմա քաղաքում իր տան մոտ գտնվող զորամասը դատարկվել է, և զինվորները, ենթադրաբար, ուղարկվել են Ուկրաինա: Դավիդովայի համար հիմք էր հանդիսացել երթուղայինում պատահաբար լսած հեռախոսազրույցը, որից կարելի էր ենթադրել, որ զորամասի զինծառայողներին ուղարկել են Դոնեցկ:

Հունվարի 22-ին Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը երկու ամսով կալանավորել էր Դավիդովային, որին պետական դավաճանության համար 20 տարվա ազատազրկում էր սպառնում: Փետրվարի 3-ին նրան չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ բաց էին թողել քննչական մեկուսարանից:

Յոթ երեխա դաստիարակող Սվետլանա Դավիդովայի ձերբակալությունը ամենաաղմկալին էր Ռուսաստանում քննվող ՝ լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ բոլոր գործերի շարքում:

2014 թվականից, Մոսկվայի քաղաքային դատարանի տվյալներով՝ Ռուսաստանում ինը մարդ է ձերբակալվել «պետական դավաճանություն» և «լրտեսություն» հոդվածներով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին կարելի է մասնակցել միայն մեկ պայմանով’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները փակել են Կրեշչատիկը և պահանջել Կլիչկոյի հրաժարականը’