‘Ստամբուլում կայացավ ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը’

732

Այսօր Ստամբուլում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների եւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը: Տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ըստ այդմ, ՀՀ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀ արդյունավետության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզներում կազմակերպության դերի եւ հեղինակության բարձրացումը:
Էդուարդ Փանոյանն ավելացրել է նաեւ, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաեւ կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, բնագավառային երկխոսության գործընկերների եւ գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը: Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող 60-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:  

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հասունանում է Աղդամի ազատագրումը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սիրիացիներին կոչ է անում զենքը վայր դնել Ռամազանի ընթացքում’