Ստեփանակերտը հրետակոծվում է. «Արմենպրես»

279

Ադրբեջանը չի թաքցնում, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ է իրականացնում։

Ամբողջ աշխարհն արդեն մի քանի ամիս ահազանգում էր նոր ցեղասպանության վտանգի մասին, որն Ադրբեջանը պատրաստվում էր իրագործել  Արցախում հայ ժողովրդի նկատմամբ։

Սեպտեմբերի 19-ին Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, իսկ արդեն 13։20-ի սահմաններում սկսեցին տարբեր բնակիչներից տեղեկություններ ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝  իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։

«Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ մայրաքաղաքն ակտիվ հրետակոծվում է։

Արցախի տարածքում խափանումներով են աշխատում բջջային և ինտերնետ կապերը։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանք հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել:

Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:

Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում են, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»:

«Արմենպրես»-ը փորձում է ստացվող տեղեկությունները ճշտել պաշտոնական աղբյուրներից, սակայն առայժմ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական աղբյուրները որևէ հաղորդագրություն չեն տարածել։

Նախորդ հոդվածըՀՀ սահմաններին իրադրությունը հարաբերականորեն կայուն է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանն Արցախի շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը