‘Ստեփանակերտի օդանավակայանի առաջին թռիչքի օրն առայժմ հայտնի չէ ‘

1176

Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը դժվարանում է պատասխանել, թե կոնկրետ երբ կլինի առաջին թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից, քանի որ դա միայն իրենից կախված չէ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ադբաշյանը: 

«Քանի որ այդ հարցը միայն ինձնից կախված չէ, ես ձեզ դժվարանում եմ ասել: Ինչ վերաբերում է օդանավակայանին, այն արդեն ստացավ սերտիֆիկատը, որը վկայում է, որ օդանավակայանը համապատասխանում է գործող միջազգային ստանդարտներին և թույլ է տալիս թռիչքներ իրականացնել: Այսինքն՝ օդանավակայանն արդեն պաշտոնապես համարվում է բացված»,- ասաց նա: 

Ադբաշյանի խոսքով՝ տեխնիկական, կազմակերպչական հարցեր կան, որոնք պետք է լուծում ստանան: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջին թռիչքի կոնկրետ օրը չհրապարակվի, Ադբաշյանը պատասխանեց՝ ոչ: 

Ավելի վաղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը iLur.am-ին ասել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի նախատեսված ժամկետում և կաշխատի՝ անկախ ադրբեջանական կողմի հայտարարություններից:

 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Մենք ալեւս կորցնելու ոչինչ չունենք’
Հաջորդ հոդվածը‘Ինչի՞ց է մահացել Թուրքիայի նախագահ Օզալը’