‘Ստեփան Դեմիրճյան. Լավագույն երկխոսությունը ժողովրդարական ընտրությունների անցկացումն է’

1418

Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր ԱԺ-ում հանդես եկավ հայտարարությամբ: 

«Ինչ-որ արատավոր ավանդույթ է ձեւավորվել մեր երկրում. ամեն անգամ ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները սկսում են խոսել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների անհրաժեշտության մասին, իսկ ընդդիմության պահանջը՝ նոր, արդար ընտրություններ անցկացնելու մասին, համարում մաքսիմալիստական:
Բազմիցս ենք ասել, որ լավագույն երկխոսությունը դա ժողովրդարական ընտրությունների անցկացումն է: Եվ ակնհայտ է, որ կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները կարելի է չեզոքացնել միմիայն նոր, արդար ընտրությունների անցկացմամբ:
Այլ լուծում չկա, եւ չի էլ կարող լինել: Սա է միակ ողջամիտ քայլը, որը կարող է հանգուցալուծել առկա ճգնաժամը:
Ոչ թե պետք է ամեն կեղծված ընտրությունից հետո քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ պարզապես հարկավոր է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ՝ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:
Ի վերջո պետք է հասկանալ, որ ամեն մի կեղծված ընտրություն ետ շպրտում երկիրը, խորացնում հասարակության բարոյալքումը, նպաստում արտագաղթի աճին:
Կեղծված ընտրությունների հետեւանք է նաեւ 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները: Ուզում ենք հավատալ, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ-ում ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովը ավելի անաչառ ու արդյունավետ կաշխատի, քան նախորդը: Եվ կբացահայտի, թե ժողովրդի վրա կրակելու հրաման տվողներին, թե այն կատարողներին:
Մարտի 1-ի սպանդն իրականացնողները պետք է պատժվեն, եւ դա պետք է ոչ միայն զոհերի հարազատներին, այլեւ պետք է մեր երկրին, մեր ժողովրդին: Դա պետք է նրա համար, որ նման հանցագործություններ այլեւս չկրկնվեն», — ասաց Ստեփան Դեմիրճյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությունը (տեսանյութ)’