‘Ստեփան Դեմիրճյան. ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն’

1937

Անցյալ տարեվերջին, երբ քաղաքական դաշտում կոնսուլտացիաներ էին ընթանում և քաղաքական ուժերը որոշում էին, թե ինչպես պետք է մասնակցեն առաջիկա նախագահական ընտրություններին, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը առողջական խնդիրներ ուներ և առ այսօր հայտնի չէին նրա տեսակետները մի քանի կարևոր հարցերի շուրջ, գրում է «Հայկական ժամանակը»:

ՀԺԿ նախագահը, հիշեցնենք, 3 վիրահատության ենթարկվեց, վերջինը՝ հունվարին, Մյունխենում: Երկար դադարից հետո երեկ նա իր առաջին հարցազրույցն է տվել «ՀԺ»-ին:

Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք ձեզ զգում, ինչպե՞ս է անցել վերջին վիրահատությունը:

— Շատ լավ եմ ինձ զգում, վերջին՝ երրորդ վիրահատությունը հաջող է անցել, ապաքինվել եմ և անցել եմ աշխատանքի: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում անհանգստանում էին և հետաքրքրվում իմ առողջական վիճակով:

Մինչ դուք բացակայում էիք երկրից, այստեղ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, թե ձեր ղեկավարած կուսակցությունը հնարավոր է դուրս գա Հայ ազգային կոնգրեսի կազմից, որքանո՞վ են հիմնավոր այդ խոսակցությունները: Նաև հիմա ՀԱԿ-ում որոշակի խմորումներ են տեղի ունենում, ինչպե՞ս եք դրանց վերաբերվում:

— ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն: ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը: Դուրս գալու հարց չկա: Հակառակը, թե ՀԺԿ-ն, թե ՀԱԿ-ի մեջ մտնող մյուս քաղաքական ուժերը, վերլուծելով ողջ անցած ուղին, պետք է փորձեն ՀԱԿ-ի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ կապակցությամբ Կոնգրեսում, իհարկե, քննարկումներ դեռ կլինեն: Եթե լինեն ռացիոնալ առաջարկներ, ապա դրանք, կարծում եմ, կընդունվեն:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2013-ի նախագահի ընտրություններում տարիքի պատճառով չառաջադրվելու իր որոշման մասին, դուք հերթական վիրահատությունից հետո ապաքինման փուլում էիք և ձեր տեսակետը հայտնի չէ, ինչպե՞ս եք վերաբերվում Տեր-Պետրոսյանի այդ որոշմանը:

— Թե 68, թե 58, թե 48 տարեկանում, այսինքն, անկախ տարիքից, մասնակցելը իմաստ չունի, եթե ընտրությունները կեղծվում են, և այդ գործին լծվում է ամբողջ պետական մեքենան: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների, իսպառ բացակայում է հավատը ընտրական գործընթացների նկատմամբ: Ամեն մի կեղծված ընտրություն իր խորը հետքն է թողնում, մեծացնում է հասարակության բարոյալքումը: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հզոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, ինչը, պետք է արձանագրենք, այս անգամ տեղի չունեցավ: Իսկ մասնակցել՝ մասնակցելու համար, դա մեզ պետք չէ:

Իսկ ընդդիմությունը պատասխանատու չէ՞ այս վիճակի համար:

— Ընդդիմությունը կարող է ունենալ սխալներ, թերություններ, բացթողումներ, ընդդիմությանը կարելի է քննադատել այս կամ այն քայլի համար, բայց այս վիճակի համար պատասխանատու է իշխանությունը, որը ձախողել է բոլոր բնագավառներում, որը շարունակաբար կեղծում է ընտրությունները, ժողովրդին մատնել է թշվառության, որի գործունեության հետևանքով աճում է արտագաղթը, երկիրը հայտնվել է աղետալի սոցիալ-տնտեսական վիճակում: Երբեմն լսում ենք, թե բոլորս ենք մեղավոր, դա պարզապես դեմագոգիա է: Ի՞նչ է նշանակում՝ բոլորս ենք մեղավոր. խաղաղ ցուցարարը և խաղաղ ցուցարարի վրա կրակողը կամ ընտրակեղծարարը և կեղծիքների դեմ պայքարողը, ազնիվ քաղաքացին և կոռումպացված պաշտոնյան, ի՞նչ է, հավասարաչափ պատասխանատո՞ւ են: Պատասխանատվությունը կոնկրետ է լինում: Եվ քանի դեռ երկրում տիրում է այս ամենաթողությունը և անպատժելիությունը, քանի դեռ կոնկրետ հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվում, ավելորդ է խոսել երկրի առաջընթացի մասին:

Կոնգրեսը ունի որոշում, որ առաջիկա ընտրություններում որևէ թեկնածուի չի սատարելու, այդուհանդերձ, ՀԱԿ-ին մաս կազմող որոշ կուսակցություններ և անհատներ հայտարարեցին, որ իրենք սատարելու են Հրանտ Բագրատյանին: ՀԺԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

— ՀԺԿ-ն նույնպես ունի որոշումը և ՀԺԿ-ն, որը մշտապես ակտիվորեն մասնակցել է նախագահական ընտրություններին և, որի պաշտպանած թեկնածուները փաստացի հաղթել են նախագահական ընտրություններում, այս անգամ չի մասնակցելու ընտրություններին: Այս որոշումը քննադատության չէր դիմանա, եթե երաշխավորված լիներ արդար ընտրությունների անցկացումը, եթե պատժված լինեին նախկին ընտրություններում կեղծիքներ, բռնություններ իրականացրած անձինք, եթե պատասխանատվության ենթարկված լինեին Մարտի 1-ի սպանդը իրականացնողները: Այնպես որ, շատ հասկանալի է այս որոշումը: Բայց սա նաև չի նշանակում, որ ՀԺԿ-ն դադարեցնում է քաղաքական պայքարը: Ամեն ինչ այս ընտրություններով չավարտվեց:

Այս ընթացքում պարբերաբար խոսվում է Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն դարձնելու հավանականության մասին, նաև տեսակետներ հնչեցին, թե հնարավոր չէ, որ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները համաձայնեն լուծարվել և տարրալուծվել ՀԱԿ-ի մեջ: Դուք նման բան հնարավոր համարո՞ւմ եք, և ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը այդ հարցում:

— Նման խոսակցություններ պարբերաբար հնչում են, սակայն Կոնգրեսում քննարկումներ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու ուղղությամբ չեն եղել, ավելացնեմ, որ ՀԺԿ-ի օրակարգում նույնպես նման հարց չկա:

Լուրջ քննադատության արժանացավ ԲՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև իշխանությունների հետ երկխոսության նստելու հարցը, դուք ի՞նչ տեսակետ ունեք այդ հարցերի շուրջ:

— Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա եկեք չմոռանանք, որ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո պատրաստ է երկխոսել իշխանությունների հետ՝ բացառապես արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ: Բայց դեռ այն ժամանակ էլ մենք ասում էինք, որ պետք չէ պատրանքներ ունենալ երկխոսության հետ: Ի վերջո, իշխանությունը կգնա ինչ-ինչ քայլերի հասարակական հզոր ճնշման դեպքում: Կապված ԲՀԿ-ի հետ՝ մեր տեսակետը եղել է և մնում է նույնը՝ հնարավոր համարելով համագործակցությունը խորհրդարանում, մենք գտնում ենք, որ ավելի խորը համագործակցության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դառնա հստակ ընդդիմադիր ուժ: Նաև մենք միշտ եղել ենք այն կարծիքին, որ ՀԱԿ-ի գործունեությունը չպետք է պայմանավորել իշխանական ուժերի միջև եղած հակասություններով, որոնք մի օր կարող են լինել, հետո՝ չլինել:

Պարոն Դեմիրճյան, ի՞նչ կարծիք ունեք Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

— Ենթադրություններ անել չեմ ուզում, հուսով եմ, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ հանցագործությունը, իսկ Պարույր Հայրիկյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի ծավալուն հարցազրույցը՝ հիվանդասենյակից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երբ կրակում են մեկի վրա, սակայն «մեսիջ» են հղում բոլորովին այլ մարդկանց. Մամուլ’