‘Ստեփան Դեմիրճյան. Մեր երկրին անհրաժեշտ է ընտրված, ոչ կոռումպացված իշխանություն ‘

1586

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը՝ Լեւոն Զուրաբյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

«Այն, որ երկիրը գտնվում է համակողմանի ճգնաժամի մեջ, անհերքելի փաստ է։

Ակնհայտ է նաև որ գործող վարչախումբը անկարող է հաղթահարել առկա ճգնաժամը, համարժեք քայլեր չի իրականացնում այդ ուղղությամբ։

Որևէ առաջընթաց աղքատության կրճատման, արտագաղթի կասեցման, նոր աշխատատեղերի ստեղծման առումով չենք կարող արձանագրել։ Տնտեսությունը շարունակում է գահավիժել, աճում է սոցիալական լարվածությունը, խորանում է սոցիալական բևեռացումը, բնակչության մեծամասնությունը հայտնվել է անելանելի վիճակի մեջ։

Մենք, իհարկե, չենք թերագնահատում արտաքին, օբյեկտիվ գործոնների  ազդեցությունը։

Ռուսաստանի տնտեսական վիճակի վաթարացումը, ռուբլու արժեզրկումը, տրանսֆերտների կրճատումը իրենց բացասական ազդեցությունն են թողնում մեր տնտեսության վրա։

Սակայն ներկայիս  աղետալի վիճակի գլխավոր պատճառը երկրում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգն է, որը պարզապես  բացառում է երկրի զարգացումը։  Այս ճգնաժամը մեկ օրում չի ստեղծվել։ Այն տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության հետևանքն է։

Այսօր բոլորն են խոսում փոփոխությունների անհրաժեշտության մասին, բոլորն են գիտակցում, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Անվիճելի է, որ առանց անհրաժեշտ համակարգային փոփոխությունների՝ մեր երկիրը զարգացման որևէ հեռանկար չի կարող ունենալ։

Սակայն սա չի նշանակում, որ այսօրվա առաջնահերթ խնդիրը  սահմանադրական փոփոխություններն են։ Սահմանադրական փոփոխությունների հասարակական  պահանջ չկա։  Ակնհայտ է, որ այսօրվա  աղետալի վիճակը պայմանավորված է ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրության ոտնահարմամբ։  Կառավարման բոլոր ձևերն էլ՝ կիսանախագահական, նախագահական, խորհրդարանական, կարող են ապահովել երկրի բնականոն զարգացումը։ Կարևորը սահմանադրության կատարումն է, սահմանադրությունը հարգելու ավանդույթի ձևավորումը։ Նախ և առաջ՝ պետք է իրացվի սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը։ Մեր երկրում  ձևավորվել է ընտրությունը կեղծելու, իշխանությունը բռնազավթելու ավանդույթ։ 2005 թվականին լայնածավալ կեղծիքներով  ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչն է փոխվել` ոչ ընտրությունների որակն է լավացել, ոչ էլ մարդիկ են ավելի պաշտպանված դարձել մեր երկրում։

Մի քանի օրից լրանում է մարտի 1-ի ոճրագործության յոթերորդ տարին։ Այդ ոճրագործությունը նույնպես կեղծված ընտրությունների հետևանք է, և առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել դրա համար։Այս անպատժելիությունը  խարխլում է մեր պետականության հիմքերը:

Վարչախումբը չպետք է հույսը դնի բռնաճնշումների, քաղաքական հակառակորդներին ասպարեզից հեռացնելու, այդ նպատակով ոստիկանական և վարչական լծակների կիրառման վրա, այլ լուծի երկրի առջև ծառացած խնդիրները: Սակայն անցած տարիները ցույց են տալիս, որ դա վարչախմբի ուժերից վեր է։ Դրա համար մեր երկրին անհրաժեշտ է մեր ժողովրդի կողմից ընտրված, ոչ կոռումպացված իշխանություն։ Սա է օրվա հրամայականը»։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ելույթը Հայաստանում առաջացած կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկման ժամանակ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Հայաստանում առաջացած կառավարման ճգնաժամի մասին (Տեսանյութ)’