‘Ստեփան Դեմիրճյան. Մեր երկրին պետք են արդար ընտրություններ եւ ազնիվ իշխանություններ (տեսանյութ)’

1192

Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

Ինչպես գիտենք, ԱԺ չորս խմբակցությունները 12 առաջնահերթ պահանջներ են ներկայացրել իշխանություններին, որոնք ուղղված են երկրի տնտեսության առողջացմանը եւ քաղաքական համակարգի կայացմանը:  

Սա, իհարկե, չի նշանակում, որ երկրի առջեւ կանգնած խնդիրները սահմանափակվում են այդ 12 կետերով. կուտակված խնդիրները շատ են, եւ դրանք, առաջին հերթին, պայմանավորված են տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականությամբ եւ ապաշնորհ կառավարմամբ: Կարեւորագույն խնդիր է անպատժելիությունը եւ ամենաթողությունը: Ո՞վ է այսօր պատասխան տվել 2008-ի մարտի 1-ի տասը սպանությունների համար, եւ ո՞վ է հավարում, որ այդ ոճրագործությունը հնարավոր չէ բացահայտել: Պատասխանատու պաշտոններում շատ դեպքերում նշանակվում կամ վերանշանակվում են արատավորված, իրենց գործը ձախողած, հանցագործությունների մեջ խրված անձինք: Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին հայտարարած վարչախումբը իշխանական լծակները օգտագործում է իր մերձավորներին եկամտաբեր պաշտոններում տեղավորելու, նրանց բիզնես շահերը սպասարկելու համար, անամոթաբար խոսում արդարությունից եւ օրինականությունից:

ՎՊ վերջին զեկույցը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է թալանվում բյուջեն: Այս ամենը խարխլում է պետականության հիմքերը, նպաստում է արտագաղթին, սպանում է մարդկանց հավատը: Ավելորդ է խոսել առաջընթացի մասին, քանի դեռ իշխանությունը չի ձեւավորվում համաձայն Սահմանադրության: Արատավոր ավանդույթ է ձեւավորվում. ոտնահարելով Սահմանադրությունը՝ բռնազավթել իշխանությունը եւ ապա իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ընդ որում՝ նույնպես կեղծիքներով: Անիմաստ է խոսել Սահմանադրության փոփոխության մասին, քանի դեռ չի իրականացվում Սահմանադրության երկրորդ հոդվածը: Անհրաժեշտ են իրական փոփոխություններ:  

Արդար ընտրություններ եւ ազնիվ իշխանություններ. ահա, թե ինչ է պետք մեր երկրին:

 

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Առողջությունը ազգային անվտանգության խնդիր է’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցությունը շարունակում է հաշվիչ հանձնաժողովի բոյկոտը’