‘Ստեփան Մարգարյան. Մենք պետք է արգելենք գործող իշխանության վերարտադրության պրոցեսը ‘

1390

Այս իշխանությունների հետևողական սխալ քաղաքականության արդյունքում երկիրը հետզհետե փլուզվում է: Այս մասին Սիսիանում մեկնարկած երեք ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Ամեն անգամ սահմանային լարվածությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ հակառակորդը տեսնում է, որ մենք ինչ-որ իմաստով թուլացել ենք, խոսքը իշխանությունների բացթողումների և թուլացումների մասին է: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ մի սեղան ունեցող մարդը, ինչը նույնիսկ բիզնես էլ չի կարելի համարել, կանգնած է այդ մի սեղանիկն էլ կորցնելու վտանգի առաջ:

Մենք ունենք այսօր իշխանություն, որի քաղաքականության պատճառով տարիներ շարունակ ժողովրդի մեծամասնությունը գտնվում է պարզապես տոկոսի տակ: Մենք տեսել ենք շատ մարդկանց, որոնք մի բանկից փող են վերցնում՝ մեկ ուրիշ բանկի տոկոսները վճարելու համար: Հերիք չէ պետությունն է միջազգային վարկերի տոկոսների տակ, գումարած՝ ամեն մեկը մեզանից: Սա ժողովրդի համար նորմալ ապրելակերպ չէ. եթե մենք ուզում ենք սրա վերջը տալ, ապա պետք է մի բան անենք միայն՝ թույլ չտանք այս իշխանությունների վերարտադրությունը»,- նշեց Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները նշանակում են հավերժ իշխանություն:

«Մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ տասը տարի անընդմեջ պաշտոնավարելուց հետո որևէ նախագահ վերարտադրվի: Եթե նախագահը գնում է, նախագահի հետ փոխվում է ողջ քաղաքական իշխանությունը: Ու որպեսզի սա տեղի չունենա, իշխանությունները նախաձեռնել են սահամանադրական փոփոխություններ՝ վերացնել նախագահի ինստիտուտը, դարձնել խորհրդարանական հանրապետություն, և խորհրդարանում իշխեն հավերժ: Մենք սա չպետք է թույլ տանք: Մենք ոչ թե պետք է բոյկոտենք, այլ թույլ չտանք, որ պրոցեսը գնա, պրոցես, որը մի բան է նշանակում՝ գործող իշխանության վերարտադրություն»,- նշեց Մարգարյանը՝ հավելելով, որ պետք է գործել միասնական: Նա հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական ուժերը կներկայացնեն իրենց հետագա ծրագիրը:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Եթե Քրիստիանո Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին Ուիլտ Չեմբերլենն է»’
Հաջորդ հոդվածը‘Ռուդ Գուլիտ. «Վան Գալի տրանսֆերներն ինձ ապշեցրին: Սկսել պետք է հիմքից, իսկ տանիքը կարելի է կառուցել ամենավերջում»’