‘Ստյոպա Սաֆարյանը պահանջում է բյուջե վերադարձնել «Տարոն Մարգարյանի նողկալի գովազդ-գովքի» վրա ծախսված պետական միջոցները’

1378

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Հունիսի 11, ժամը 18:45-19:15-ի միջակայքում Հ2 հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տարոն Մարգարյանին գովերգող տեսանյութ` կադրի ձախ անկյունում մշտաներկա Երեւանի քաղաքապետարանի զինանշանով: Մայրաքաղաքի զինանշնանի առկայությունը նշանակում է, որ այն վճարովի գովազդ է, դրա պատվիրատուն հանդիսանում է Երեւանի քաղաքապետարանը, իսկ վճարումն էլ կատարվել է Երեւան քաղաքի բյուջեի միջոցների հաշվին: 

Հատկանշական է, որ տեսանյութը ոչ քաղաքապետարանի, ոչ էլ անգամ Երեւանի ավագանու կամ նրա ՀՀԿ խմբակցության գործունեության մասին էր, այլեւ` բացառապես Տարոն Մարգարյան անձին նվիրված քստմնելի գովք: Տարակուսելի է, որ Երեւան քաղաքի ավագանու «ընտրություններից» հետո էլ Երեւանի քաղաքապետ կարգված անձնավորությունը կարիք ունի իրեն անմոռաց եւ էժանագին գովազդել նախընտրական քարոզչության տրամաբանության ոգով: Դա իր անձեռնամխելի իրավունքն ու նախընտրությունը կդիտեի, եթե իբրեւ գովազդատու չներկայացվեր Երեւանի քաղաքապետարանը; 

1.Դատապարտում եմ Երեւանի քաղաքապետի ապօրինի գործունեությունը, որ հարկատուների հաշվին գոյացած բյուջետային միջոցները ծառայեցնում է իր անձի գովք կազմակերպելու համար: Իսկ թե որքան թանկ արժեն եթերային րոպպեները, այդ մասին գիտե յուրաքանչյուր քաղաքացի:

2. Պահանջում եմ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հանրությանը եւ ինձ տեղեկատվություն տրամադրել, թե քանի՞ անգամ եւ ուրիշ ո՞ր հեռուստաընկերություններով է ցուցադրվել հիշյալ տեսանյութը, եւ որքա՞ն գումար է վճարվել այդ գովազդի համար:

3. Ակնկալում եմ, որ Տարոն Մարգարյանը եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներողություն կխնդրեն երեւանցիներից նրանց միջոցները անձնական նպատակներով վատնելու համար, եւ պահանջում եմ դրանք վերադարձնել Երեւան քաղաքի բյուջե:

Հետգրություն: Անբարո է սեփական գովազդի համար պետական ու հանրային միջոցների վատնումը, այն էլ այնպիսի երկրում ու քաղաքում, որտեղ պետական վիճակագրության համաձայն ամեն մի երրորդ մարդ համարվում է աղքատ, եւ որտեղ թերսնվող կամ սոված, մուրացող, դպրոց չհաճախող երեխաներ կան»

Նախորդ հոդվածը‘Էրդողանի հակառակորդները հավաք են կազմակերպել Ստամբուլի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիա-Իտալիա՝ Ուղիղ’