‘Ստյոպա Սաֆարյան. Ավանի դպրոցներում հավաքում են ծնողների անձնագրերը ‘

942

iLur.am-ի թղթակիցը զրուցել է Ավանի թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանի հետ: Ի դեպ, վերջինս այսօր տոնում է իր ծննդյան 39-րդ տարեդարձը:

— Պրն. Սաֆարյան, ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:

— Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Գայի արձանին հարող պուրակում տեղի ունեցավ շտաբի անդամների և համակիրների բացօթյա հավաք: Դա մեկնարկի սիմվոլիկ քայլ էր, իսկ վաղվանից կմեկնարկեն բակային և դռնեդուռ հանդիպումները:

— Քարոզարշավի ընթացքում արդյոք որևէ խախտում նկատե՞լ եք:

— Այո՛, անընդհատ, ամեն օր բնակիչներից, ծնողներից, լրագրողներից ստացվում են ահազանգեր, որ դպրոցներում հավաքում են անձնագրեր: Երեկ լսել ենք թիվ 170 դպրոցի մասին, որտեղ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին,  ծնողական ժողով է հրավիրվել՝ նախապես պահանջելով ծնողներից իրենց հետ բերել անձնագրերը: Այսօր էլ տեղեկություն ենք ստացել 133 դպրոցի մասին: Դա պարզապես անթույլատրելի է: Ես ուղղակի մրցակցիս կոչ եմ անում թույլ չտալ նման բան, քանի որ իրեն հարգող մարդն այդպիսի քայլերի չի գնում, նման ձևով բերված ձայներ պետք չեն իրեն:   

Նախընտրական շտաբ ունե՞ք և արդյո՞ք հանդիպել եք խոչընդոտների շտաբի տարածք վարձակալելու  հարցում (iLur.am-ի հետ զրույցում նույն ընտրատարածքում առաջադրված մյուս ընդդիմադիր թեկնածուն նշել էր, որ խուսափում են վարձակալության համար տարածք տրամադրել իրեն):

Ունեմ մի շտաբ Նոր Նորքում, միայն այն պատճառով, որ դա ուղղակի հարազատի տարածք է, և վերջինս իր աջակցությունն այդպես է ցուցաբերել: Իսկ Ավանում դեռևս չունեմ, դեռ մտածում եմ, քանի որ կողմնորոշվելու հարց կա. շտաբն ընտրողների հետ կապի մեխանիզմ է: Եթե մի թաղամասում, որտեղ մարդիկ ոչ թե չուզենան, այլ խուսափեն գալ քեզ հետ հանդիպումների, խուսափեն գալ քո շտաբ, բայց գնան ընտրության ու քվեարկեն քո օգտին, ապա այս դեպքում մարդու հետ կապի այլ մեխանիզմ է պետք մտածել:

— Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում կազմակերպել:

— Ընթանալու է շատ խորքային քարոզարշավ, չի լինելու զուտ բուկլետների բաժանում, այլ գնալու է դռնեդուռ, հանգամանալից քարոզչություն: Շատ դեպքերում նույնիսկ իմ մասնակցությամբ և ուղեկցությամբ, ըստ գրաֆիկի, մտնելու ենք տներ, զրուցելու ենք մարդկանց հետ, ունենալու ենք բակային հանդիպումներ: Առաջիկայում հանրությանը կներկայացվի  նաև այցելությունների ժամանակացույցը, և այն մարդիկ, ովքեր կարող են, կգան հանդիպումների: Կլինեն տարբեր քարոզչական ակցիաներ, երիտասարդական խմբերի մասնակցությամբ կկիրառվեն ուշադրություն գրավող քայլեր, իսկ թե ինչպիսի՝ թող որ անակնկալ մնա:

Երկու օրից մեկնարկելու է ընտրացուցակների մաքրման գործընացը, որի միջոցով կփորձենք պարզել, թե ովքեր  և ինչ հանգամանքներում են գրանցված այս կամ այն հասցեում, և ովքեր են բացակայում: Կփորձենք ընտրությունների օրն ունենալ ամբողջական տեղեկատվություն:

Զրուցեց Լիլիթ Լալայանը

Նախորդ հոդվածը‘ԱՊՀ պաշտպանության նախարարների նոր ղեկավար կդառնա Սերգեյ Շոյգուն’
Հաջորդ հոդվածը‘Նոր նշանակումներ ԼՂՀ կառավարությունում’