Ստորագրել են ՌԴ-ի միջուկային զենքը Բելառուսում պահելու փաստաթղթերը

332

Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը հինգշաբթի օրը Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսաստանյան միջուկային զենքը Բելառուսի տարածքի հատուկ պահեստարանում պահելու կարգը։

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի իրականացրած միջոցները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարեց, որ Ռուսաստանը, բելառուսական կողմի խնդրանքով, իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի այդ հանրապետությունում, ինչպես վաղուց անում է ԱՄՆ-ը իր դաշնակիցների տարածքներում։ Ռուսաստանի ղեկավարը հայտարարեց, որ հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել բելառուսական տարածքում մարտավարական միջուկային զենքի պահեստարանի շինարարությունը։

Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները՝ հատուկ զինամթերք ընդունելու համար։ Բելառուսցի զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը շնորհավորել է Դեսանտիսին
Հաջորդ հոդվածըՊրիգոժինը խոստովանել է Բախմուտում 20 հազար «վագներականների» կորուստը