‘Ստում են եւ վիրավորում մի ողջ ժողովրդի’

4602

Իրականում, թերեւս, ոչ մեկն այնքան համոզիչ չի քարոզում Սահմանադրությունը փոխելու` Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի (ներառյալ Դաշնակցությունը) նախաձեռնությանը «ՈՉ» ասելու օգտին, որքան հենց իրենք վարչախմբի (ներառյալ Դաշնակցությունը)՝ քարոզչական հրապարակ գործուղված ներկայացուցիչները։

Պարզապես պետք է նրանց շաղակրատանք-դատարկաբանությունը վերածել պարզ մտքերի, ցուցադրել իրենց բնորոշ սուտը, տգիտությունը, անհեթեթությունը եւ հրճվել, զարմանալ կամ զայրանալ (ըստ ճաշակի) «հանճարաբանությունների» այդ ցուցահանդեսով։

Ի՞նչ են ասում Սերժ Սարգսյանն ու իր քարոզիչները Սահմանադրությունը փոխելու իրենց նախաձեռնության մասին։

Ասում են՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական երկիր։

Ստում են։ Գործող Սահմանադրությունը, որ շատ նման է ամենաժողովրդավարական երկրներից մեկի՝ Ֆրանսիայի Սահմանադրությանը,  իր մեջ պարունակում է ժողովրդավարության ապահովման բոլոր մեխանիզմները։ Ժամանակին դա հանդիսավորապես ընդունել են նաեւ նույն եվրոպական փորձագետները։ Եւ մեր երկրում հակաժողովրդավարական բոլոր երեւույթները ոչ թե պայմանավորված են Սահմանադրության թերություններով, այլ ռեժիմի կողմից այսօր գործող Սահմանադրության նորմերի ու պահանջների ամենօրյա խախտմամբ։

Ասում են՝ Սահմանադրությունը փոխելով՝ ընդդիմության համար գործելու լավագույն պայմաններ ենք ստեղծում։

Ստում են։ Իրական նպատակն է վերջնականապես ոչնչացնել ընդդիմությունը եւ թողնել միայն իրեն հլու-հնազանդ «գեղամյանական», կամ, ինչպես իրենք են ասում, «ինստիտուցիոնալ» կեղծ ընդդիմություն։ Երկրի իրական ընդդիմությունն այդքան անգրագետ կամ տգետ չէ (ինչպես ռեժիմի շատ ներկայացուցիչներ), որ այդ բանը չհասկանա։ Եւ հասկանալով՝ անվերապահ «ՈՉ» պիտի ասի այդ արկածախնդրությանը։

Ասում են՝ Սահմանադրությունը փոխելով՝ խաղաղ իշխանափոխության հնարավորություն կառաջանա։

Ստում են՝ այդ բնագավառում ռեկորդ խփելով։ Վարչախումբն ուզում է իշխանությունը տալ, բայց չի՞ կարողանում։ Եւ հիմա ընդդիմության համար նման հնարավորություն է ստեղծո՞ւմ։ Խաղաղ իշխանափոխության միակ ձեւը ազատ եւ արդար ընտրություններն են։ Իսկ Սահմանադրությունը փոխում են հենց այդ իշխանափոխությունը թույլ չտալու եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու նպատակով։

Ասում են՝ Սահմանադրությունը փոխելով՝ կվերանան կոռուպցիան ու թալանը։

Դժվար է ասել՝ սա սո՞ւտ է, թե՞ սրախոսություն։ Գործող Սահմանադրությունը չի նախատեսում, որ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը իր եղբոր դեմքով 50։50 փայ մտնի բոլոր բիզնեսներում։ Էդ ո՞վ չգիտի, որ կոռուպցիոն բուրգի գագաթն ինքը՝ Սերժ Սարգսյանն է։ Եթե ինքը չէ՝ ուրեմն այս երկրում բացարձակ վերահսկողություն չունի ոչ մեկի վրա։ Այսինքն՝ իր տեղում չէ։ Գործող Սահմանադրությունն արգելում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին բիզնեսով զբաղվել, մինչդեռ Հայաստանում ամենահարուստ 10 մարդկանցից 8-ը հենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են։

Ասում են՝ Սահմանադրությունը փոխելով՝ պայմաններ կստեղծվեն տնտեսության զարգացման համար։

Ստում են։ Տնտեսության մենաշնորհացումը, ազատ մրցակցության խեղդումը, հակառակ գործող Սահմանադրության պահանջների, կատարվում է հենց Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողությամբ ու որոշմամբ։ Սա հանրահայտ իրողություն է։

Ասում են՝ Սահմանադրությունը փոխելով՝ կաշխատի օրենքը, իրավունքը, արդարադատությունը, մարդը կդառնա պաշտպանված։

Ստում են։ Անգամ Սահմանադրություն չունեցող երկրներում օրենքը, իրավունքը, արդարադատությունը հիանալի աշխատում են, եւ մարդն իրեն պաշտպանված է զգում։ Մի պարզ պատճառով. որովհետեւ այդ երկրների իշխանությունն օրինակարգ է, ընտրված է ժողովրդի կողմից եւ պատասխանատու իր ընտրողին։

Ասում են՝ Սահմանադրությունը փոխելով՝ կբարձրանա ժողովրդի կենսամակարդակը, կդադարի արտագաղթը։

Ստում են։ Այս ռեժիմը հենց ինքն է խրախուսում հասարակության աղքատացումը եւ բնակչության արտագաղթը։ Ինչպես խոստովանել է ռեժիմի վարչապետներից մեկը՝ մարդկանց արտագաղթի մղելը պետական ծրագիր է՝ կանխելու համար հեղափոխության, այն է՝ իշխանափոխության վտանգը։

Եւ շատ կարեւոր մի հարց մնում է անպատասխան. եթե այս ամենը ոչ թե իր, այլ ժողովրդի բարօրության, ընդդիմության բարգավաճման եւ խաղաղ իշխանափոխության հնարավորության համար է, ինչո՞ւ է իշխանությունն իրեն պատռում՝ հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները ներդնելով։ Այսօրինակ ամենափոքր մի բան վարչախումբ երբեւէ արե՞լ է, մի անգամ հոսանքը, գազը 5 դրամով էժանացրե՞լ է։ Հիմա ի՞նչ է պատահել։ Ավազակը դարձել է բարեգո՞րծ։ Սատանան դարձել է հրեշտա՞կ։

Բայց այս ամենը միայն սոսկական սուտ, տգիտություն, բթամտություն չէ։

Դա ծաղր է ու ծանակ՝ մարդկային բանականությանը։

Դա անպատկառ ծաղր է ողջ ժողովրդի նկատմամբ, նրան չհասկացողի տեղ դնել է՝ կուլ չգնացող մի վիրավորանք։

Դա, անշուշտ, նաեւ բնազդական վախի արտահայտություն է։

Եւ դրա արժանի պատասխանը պետք է լինի` միահամուռ մասնակցել հանրաքվեին եւ «ՈՉ» ասելով Սերժ Սարգսյանին՝ ազատվել նրանից ու իր ավազակախմբից։ Ազատվել ազգային խայտառակությունից։

Մենք ունենք այդ ուժն ու հնարավորությունը։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ մի քանի նահանգներ դադարեցնում են սիրիացի փախստականների ընդունումը’
Հաջորդ հոդվածը‘Որոշ շրջաններում ձյուն է տեղում. ՏԿ նախարարությունը հորդորում է երթեւեկել ձմեռային անվադողերով’