‘Սրանք այն մարդիկ չեն, որ պիտի առաջնորդեն Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա’

2037

Բազմիցս է նշվել (ընդ որում` ոչ անհիմն), որ Կոնգրեսից իբրեւ թե նեղացած եւ դուրս եկած գործիչները մի որոշ ժամանակ անց դառնում են Ս. Սարգսյանի քաղաքականության ջատագովներն ու կողմնակիցները: Ամենացայտուն եւ ամենաթարմ օրինակներից է Դ. Շահնազարյանը, ով հեռուստատեսությամբ բացահայտ գովերգում էր Ս. Սարգսյանի վարած քաղաքականությունը:

Այժմ նրան միանում են նաեւ նոր գործիչներ, որոնք, ըստ երեւույթին, արդեն Սարգսյանին բացահայտ սատարելու հայտ են ներկայացնում: Այլապես՝ ինչպե՞ս մեկնաբանել հարցազրույցի՝ նման բովանդակությամբ հատվածը. «Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունների որոշակի հատվածի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի անձնական հետաքրքրությունները զգալի չափով դուրս են ռուսական տիրույթից և դրանով իսկ համընկնում են մեր պետական շահի հետ` հնարավորություն ստեղծելով ԵՄ-ի հետ պայմանագրի նախաստորագրման համար»: Պարզվում է՝ Ս.Սարգսյանի անձնական հետաքրքրությունը համընկնում է պետական շահի հետ, որը Եվրոպական ինտեգրումն է:

Փորձենք հասկանալ, թե ինչ կարիք կա նման կերպ գովաբանել Ս. Սարգսյանին, երբ վերջինիս ակնհայտ հակաժողովրդավարական, ընտրակեղծարար էությունը հայտնի է բոլորին:

Քաղաքական առումով՝ Եվրոպան բաղկացած է ինստիտուտներից, որոնցից ամենասերտ համագործակցությունը Հայաստանն ունի Եվրոպայի Խորհրդի (ԵԽ), ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրոպական Միության (ԵՄ) հետ: Այդ հեղինակավոր կազմակերպությունների հետ Հայաստանն առնչվում է երկկողմ փաստաթղթերով եւ նշված կառույցների կողմից ընդունված բանաձեւերով, հանձնարարականներով: Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ ու ԵՄ վերջին փաստաթղթերի պահանջներին ՀՀ իշխանության վերաբերմունքը կարող է ծառայել որպես ցուցիչ, թե որքան շատ է համընկնում «Ս. Սարգսյանի անձնական հետաքրքրությունը» եվրոպական արժեքների, դեպի Եվրոպա մեր հետագա ինտեգրացիայի հետ:

Եւ այսպես, ԵՄ կողմից ընդունված եւ այս գարնանը հրապարակված՝ Հայաստանի Առաջադիմության զեկույցում կան մեզ համար հույժ կարեւոր հանձնարարականներ:

Թվենք մի քանիսը.  

— Անդրադառնալ ՀՀ ԱԺ եւ նախագահի ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից բացահայտված խախտումներին` կատարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր հանձնարարականները` ներառյալ օրենսդրական փոփոխությունները նախագահի ընտրություններից հետո;

— Ամբողջությամբ քննել 2008 թ. մարտյան բախումների ժամանակ տեղի ունեցած սպանությունները եւ ոստիկանական խախտումները ձերբակալությունների ժամանակ:

— Իրականացնել փոփոխություններ հեռարձակման օրենսդրության մեջ՝ ԵԱՀԿ եւ ԵԽ հանձնարարականների համաձայն, եւ ապահովել հեռարձակող լրատվամիջոցների բազմակարծությունը:

— Ուժեղացնել պայքարը կոռուպցիայի դեմ: …

Սրանք հանձնարարականներից մի քանիսն են, որոնք ամբողջապես արհամարհվում են ՀՀ իշխանությունների եւ անձամբ Ս. Սարգսյանի կողմից, որի շահերը որեւէ առնչություն չունեն ՀՀ պետական շահերի հետ: Այնինչ ՀՀ պետական շահերին համապատասխան գործելն այս դեպքում՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարումն է եւ Եվրոպական ինստիտուտների հետ արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնանք ԵԽԽՎ՝ Հայաստանի վերաբերյալ վերջին՝1837 բանաձեւի դրույթներին

Հոդված 3. ԵԽ խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր մտահոգությունը 10 սպանությունների բացահայտման հարցում արդյունքների բացակայության վերաբերյալ եւ մի շարք հանձնարարականներ տալիս ՀՀ իշխանություններին: Հանձնարարականներից մեկը վերաբերում է նրան, որ մարտի 1-2-ի դեպքերի քննությունը պետք է կենտրոնանա հրամանները արձակելու պատասխանատվության խնդրին եւ դա հաշվի առնի սպանությունների իրագործման համատեքստում: Քննության կողմից ներկայացվելիք զեկույցը պետք է լինի թափանցիկ եւ մատչելի հասարակության վերլուծության համար:

ԵԽԽՎ ընդունած բանաձեւի 7-րդ հոդվածում անհանգստություն է հայտնվում արդարադատության համակարգի գործունեության, անկախության բացակայության եւ համատարած կոռուպցիայի վերաբերյալ շարունակական զեկույցների կապակցությամբ: Իսկ 8-րդ հոդվածով Վեհաժողովն անդրադառնում է առհասարակ բոլոր ոլորտներում Հայաստանում ծաղկող կոռուպցիային, որը «բացասական է անդրադառնում երկրում ժողովրդավարության զարգացման վրա»: Բանաձեւի հաջորդ կետով վեհաժողովը անդրադառնում է մարտի 1-ի պատճառով արդիական դարձած ոստիկանական բարեփոխումներին: Վեհաժողովը անհանգստություն է հայտնում ոստիկանության կողմից ցուցաբերվող դաժանությունների եւ ապօրինությունների կապակցությամբ, եւ իշխանություններին կոչ է արվում վերացնել նման պահվածքը:

Արդյո՞ք այս ամենը համընկնում է Սարգսյանի անձնական շահերի հետ. ակնհայտ է, որ ոչ, հակառակ պարագայում դրանք վաղուց ի կատար ածված կլինեին:

Դառնալով նյութի նախաբանին՝ մեկ ուշագրավ հանգամանք էլ նշենք: Սերժ Սարգսյանի նորահայտ սատարողներից մեկը պնդում է նաեւ, թե ռուսաստանյան տիրույթում մեզ պահում են «հենց այն ուժերը և անհատները, որոնք սնվում են ռուսական թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շուկայից, ովքեր կրողն են այն կոռումպացված քաղաքական և գործարարական հոգեբանության և գործելաոճի, ինչի պատճառով Հայաստանը շարունակաբար կորցնում է իր դիրքերը բոլոր հարթություններում, քայքայվում է տնտեսապես և այսօր կանգնել է աղետալի, ազգային անվտանգությանը սպառնացող, արագությամբ ընթացող արտագաղթի առջև»:

Բոլորը գիտեն, որ Ռուսաստանից սնվում են հենց իշխանություններն ու անձամբ Ս. Սարգսյանը. տարեկան 2 միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող տրասֆերտները ի վերջը նստում են Ս. Սարգսյանի շրջապատի գրպաններում, 500 մլն դոլար վարկը մի քանի տարի առաջ ստացավ հենց Ս. Սարգսյանը, արտագաղթի պատասխանատուն էլ այլ պաշտոնյա չի կարող լինել:

Հ.Գ. Եվրոպական մշակույթը, եվրոպական ստանդարտներով աշխատող պետական կառույցները եւ համամարդկային արժեքները Հայաստանի համար այլընտրանք չունեն: Բայց, միաժամանակ, վստահ կարելի է պնդել, որ ասիական, թյուրքական արժեքներ կրող գործիչները, կեղծիքներ եւ սուտ տարածող մարդի՛կ չեն, որ պետք է առաջնորդեն Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա:

Մկրտիչ Սարգսյան 

Նախորդ հոդվածը‘Արման Նավասարդյան. Իրավիճակը եթե կանգ չառնի, կընդգրկի նաեւ Հայաստանը’
Հաջորդ հոդվածը‘Գալու է լֆիկների պատասխան տալու ժամանակը ‘