‘Սրանք են պատմական փաստերն ու փաստաթղթերը’

2969

iLur.am-ի այսօրվա խմբագրականի առիթով հարկ եմ համարում կատարել հետեւյալ լրացումը։ Թե ինչպիսի ներդրում ու վաստակ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախի ազատագրության գործում, ժամանակին սպառիչ կերպով գնահատել է ոչ այլ ոք, եթե ոչ հենց Արցախի ղեկավարությունն իր ողջ կազմով։

Ահավասիկ.

1. ԼՂՀ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ.

«Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում։ Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության զորակցությունը» (ՀՀ առաջին նախագահի արխիվ, 09.01.1995)։

2. ԼՂՀ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ.

«Այսօր ԼՂՀ‑ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ եւ հարգանք միջազգային հանրության կողմից։ Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը… Ես կուզեի շեշտել Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում։ Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի՝ մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք։ Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նույնպես» («Հայաստանի Հանրապետություն», 19.09.1996թ.)։

3. ԼՂՀ ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ.

«Անժխտելի է այն փաստը, որ մեր հաջողությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության վարած ճկուն դիվանագիտությամբ եւ հավասարակշռված քաղաքականությամբ։ Եւ ինչ խոսք, որ այդ դժվարին գործում մեծ է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերը» («Հայաստանի Հանրապետություն», 19.09.1996թ.)։

4. ԼՂՀ վարչապետ ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ.

«Եթե այսօր արցախահայությունը մասնակցեր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին, ապա բացարձակ մեծամասնությամբ իր ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին» («Հայաստանի Հանրապետություն», 19.09.1996թ.

5. ԼՂՀ ՊՆ նախարար ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ.

«Բարձր եմ գնահատում Ձեր տեւական ավանդը ինչպես արցախյան ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման ու նրա համակողմանի նվաճումների ապահովման ասպարեզում, այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի տարածքներում Հայոց պետականության վերականգնման ու ամրապնդման պատմակշիռ գործում։ Կրկին կարեւորելով նորանկախ Հայաստանի առաջին նախագահիդ նշանակալից հոբելյանը՝ որպես էական մի շրջափուլ ոչ միայն Ձեր, այլեւ ընդհանրապես հայրենի հասարակական-քաղաքական կյանքում, ի սրտե մաղթում եմ Ձեզ արցախյան արեւշատություն, անձնական երջանկություն եւ հարաճուն հաջողություններ. Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան. 2005թ. հունվարի 9» (ՀՀ Առաջին նախագահի արխիվ, 09.01.2005թ.)։

Սրանք են պատմական փաստերն ու փաստաթղթերը։ Հանրապետության Հիմնադիր-նախագահի դեմ այսօր տարածվող հերյուրանքներն օրգանական շարունակությունն են 1998 թվականից հետո Հայաստանում եւ հատկապես Լեռնային Ղարաբաղում իրականացվող ամոթալի, ստահոդ տոտալ քարոզչության։ Դա էլ, իր հերթին, յուրօրինակ մի փաստ է, որ վերաբերում է, սակայն, ոչ թե պատմությանը, այլ հոգեբանությանը՝ թե որքան ստոր, մեղկ ու ցածրորակ կարող է լինել մարդկային բնությունը։

 

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը և իր աներձագը «չորով ատկազ» են կանգնում, կամ աներորդին դատի է տալու փեսային’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիայի օրենքները, հնարավոր է՝ փոխվեն’