‘Սրա անունը բարությու՞ն է, հոգատարությու՞ն է, թե՞ էժանագին երեսպաշտություն’

1993

Խորապես գիտակցում եմ, թե ինչ լուտանքներ են թափելու գլխիս «լենսիրտ», «անկախական», «հայրենասեր»  մարդիկ` ներքոգրյալ տողերը կարդալուց հետո, բայց ոչինչ` կդիմանամ:

Հայաստանի անսահման բարի եւ առատաձեռն կառավարությունը որոշել է 50 հազար դոլար (20 միլիոն դրամ) տրամադրել Պարույր Հայրիկյանին` արտերկրում բուժվելու համար:

Ի՞նչ պատահեց Հայրիկյանին հայտնի մահափորձից հետո`հասկանալի չէ նույնքան, որքան հասկանալի չէ, թե էպոսագետի ինչին էր պետք այս ՀՀ նախագահի թեկնածուի մահը: Գուցե մի հրաշքով պարզվի, եւ հասարակությունը գոնե մի կաթիլ տրամաբանություն հայտնաբերի այս «մթության քողով» պարուրված մահափորձի հիմնավորման մեջ, բայց այսօր ակնհայտ է` ամենախորաթափանց պայծառատեսն անգամ առայժմ չնչին առիթ անգամ չի նշմարել, թե ինչու էս մեր արտատեր պառավը հանկարծ Պարույր Հայրիկյանի մեջ տեսավ իր` նախագահական աթոռին չհասնելու պատճառը:

Ինչ որ է: Բարեբախտաբար, մարդասպանին չհաջողվեց սպանել Պարույր Հայրիկյանին, ավելին, ըստ բժիշկների պնդումների, նա թեթեւ վնասվածք էր ստացել: Եթե նույնիսկ բժիշկները չասեին, հասարակությունն անզեն աչքով տեսավ, որ Հայրիկյանի կյանքին ոչ միայն վտանգ չէր սպառնում, այլեւ հենց երկրորդ-երրորդ օրը հարգարժան անկախության խորհրդանիշն ակտիվորեն հարցազրույցներ էր տալիս լրագրողներին` հիվանդանոցի միջանցքում, ոտքով զբոսնելիս` դեպի տուն եւ տնից հիվանդանոց ճանապարհներին: Դե, փառք Աստծու:

Մինչ օրս ոչ մի բժիշկ ակնարկ անգամ չի արել, որ հասցված վնասվածքը կարող էր որեւէ ծանր հետեւանք ունենալ, եւ առնվազն տարօրինակ է, որ ամենաանհավանական «վայրերում» իր լավը չուզողներ փնտրող ու գտնող պարոն Հայրիկյանն այդպես էլ չդժգոհեց, թե ոնց պատահեց, որ իրեն բուժող բժիշկները չնկատեցին, թե որքան ծանր էր իր ստացած վնասվածքը, այնքան ծանր, որ ինքն ստիպված է այժմ արտերկրում վերականգնել իր կորցրած առողջությունը:

Ֆեյսբուքցիները կվկայեն, թե քանի-քանի ծանր հիվանդ մանուկներ կան օգնության կարոտ, թե ահավոր վշտից ու անհուսությունից ինչպիսի սրտամաշ տեքստեր են գրում նրանց ծնողները` հասարակության խիղճը շարժելու համար` օգնեք, երեխաս ապրի: Կվկայեն նաեւ, թե շատ-շատերիս անզորության ինչ ահավոր ծանր զգացում է պատում, որ չենք կարող օգնել այդ անուշիկ ձագուկներին, որոնք լուսանկարներից մեզ են նայում իրենց միամիտ, աշխարհի չարից ու բարուց անտեղյակ, մաքուր աչուկներով: Կվկայեն, որ բոլոր ճարտարախոսներս կարկամում ենք, մեր իմացած բոլոր բառերը մոռանում ենք… Ի՞նչ ասենք… Որ ասենք` ի՞նչ… Մեր սրտակեղեք ա՜հ-ն ու օ՜հ-ը փրկելու՞ են այդ մանուկների կյանքը: Բան չես կարող անել` կուչ ես գալիս, մի բուռ ես դառնում, շրթունքդ ես կրծում ու քեզ ստիպում` ինչքան հնարավոր է շուտ մոռանալ տեսածդ, կարդացածդ, զգացածդ…

Նույնը` թշվառագույն, անմարդկային պայմաններում ապրող բազմաթիվ ընտանիքների դեպքում, բանակում սպանված զինվորների շվարած հարազատների դեպքում, գաղթի ճամփան բռնած, կիսաքաղց ապրող ազատամարտիկների դեպքում: Մարտի 1-ի զոհերի ընտանիքների դեպքում:

Ո՞ր մեկին հիշես: Հայաստանում թշվառությունը, անօգնականությունը, անզորությունը համատարած է: Չխենթանալու միակ ելքն ինքնագոհ, հղփացած, լկտի քաղաքական գործիչներին հեգնելն է, անհամ կամ համով կատակներ անելն է, անհոգի ձեւանալն է, ինչն էլ անում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասը: Որ կարողանա ապրել, շարունակի ապրել…

Եվ հանկարծ` այս «սարսափֆիլմ» հիշեցնող իրականության «լուսապայծառ» ֆոնին, այս նույն Հայաստանի կառավարությունը, որ «զորավար» Վովայի համազգեստավորների «անձնազոհ» աջակցությամբ, տարիներ շարունակ, մի հսկա պատ է դրել իր եւ օգնության ու արդարության կարոտ Հայաստանի քաղաքացիների միջեւ, նստել ու որոշել է, որ Պարույր Հայրիկյանին պետք է պետության հաշվին ուղարկի բուժվելու:

Ինչի՞ց բուժվելու, չգիտենք: Իրո՞ք Պարույր Հայրիկյանն անկարող է իր միջոցներով բուժվել, չգիտենք: Հայաստանում բժշկությունն այդքան անզո՞ր է, որ մեր անկախության խորհրդանիշի ծանր վնասվածքի հետեւանքները վերացնի: Չգիտենք: Միայն գիտենք, որ մենք չափազանց բարի իշխանություններ ունենք: Եվ նույնքան բարի` անկախության խորհրդանիշ…

Մնաց տարակուսանքը. այս բարության հորձանուտում որտեղի՞ց են հայտնվում այս ապրել տենչացող եւ բուժվելու հնարավորություն չունեցող հիվանդ մանուկները, այս թշվառագույն ընտանիքները` սովալլուկ երեխաներով շրջապատված, այս կիսաքաղց ազատամարտիկները, այս արհամարհված սգվոր մայրերը…

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները իրանական տրանսպորտային ինքնաթիռ են խփել’
Հաջորդ հոդվածը‘Գաղութներում 20 տարվա ընթացքում կալանավորների թիվը նվազագույնի է հասել’