‘Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը կրկին դիմել է գլխավոր դատախազին’

1302

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյան կրկին նամակով դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Գործարարը պնդում է, որ իրեն պատկանող ընկերությունից  կատարվել է  միլիոնավոր դոլարների թալան: Արդեն երկու տարուց ավելի է՝ ընթանում  է գործի նախաքննությունը:  Աղվան Հովսեփյանին ուղղված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարգելի պարոն Հովսեփյան,

Սերժ Սարգսյանը, 2012թ. հոկտեմբերին  ՀՀ գլխավոր  դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին, խստորեն քննադատեց առանձին դատախազների անփութությամբ կամ չարամտությամբ պայմանավորված գործողությունները: 

Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա»:

Սակայն այդ խորհրադկցությունից հետո էլ իմ հետ առնչվող գործերով տեղի ունեցած գործընթացները փաստում են, որ հանրապետության նախագահի կողմից մատնանշված խնդիրները դատախազությունը ոչ մի կերպ  լուծել չի կարողանում: Նախագահի խոսքերն իմ գործերով այսօր էլ իրականություն է:

Պարոն Հովսեփյան,  ճիշտ այնպես, ինչպես նշեց հանրապետության նախագահը, այսօր էլ հանցանք կատարած մի քանի անձինք դատախազի ցուցումով մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկային անունը անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում:

Ասածս անմիջական կապ ունի արդեն Երևանի Կենտրոնի դատարանում քննվող թիվ ԵԿԴ 0226/01/12 գործի հետ`Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ստանալու համար իմ կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ընկերությանը վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով: Այս գործով խարդախության հեղինակը, ով պետք է լիներ ամբաստանյալի աթոռին, անգամ դատակոչված վկանների ցուցակում չկար և միայն ամբաստանյալի փաստաբանի միջնորդության հիման վրա վկայի կարգավիճակում կհարցաքննվի:

Խոսքը վերաբերում է իմ կողմից բազմիցս բարձրաձայնված «Վ.Մ.Գ. ԳՐՈՒՊ» ՓԲԸ սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի մասին է: Թիվ ԵԿԴ 0226/01/12 գործով 07.03.2013թ. դատական նիստի ժամանակ  Վլադիսլավ Մանգասարյանի դերակատարության մասին հայտարարեցին նաև այդ գործով տուժողն ու վկան: Նրանց  ցուցմունքներից էլ ակնհայտ դարձավ, որ գործի փաստերը միանգամայն այլ են, քան առաջադրված մեղադրանքը: Եվ դա տեղի է ունեցել ավագդատախազ Արման Հակոբյանի ցուցումի հիման վրա:

Իսկ բնակարանից զրկված քաղաքացու հայրը` Գևորգ Գյուլխասյանը դատարանում կոնկրետ անուններ նշեց. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»,-ասաց վկան: Նրանից ներկայումս միայն մեկն է այս պահին ամբաստանյալի աթոռին

Պարոն Հովսեփյան, փաստորեն, ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել և հետևապես մեղադրող դատախազի համար էլ պետք է, որ պարզ դարձած լինի, որ գործի քննությունն այլ ուղղությամբ է ընթանում, քան առաջադրված մեղադրանքն է:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այս գործը 2011թ. հարուցվել էր հենց խարդախության փաստով, սակայն ավագ դատախազ Արման Հակոբյանի «թեթև ձեռքով»` 2012թ. նոյեմբերի 21-ի ցուցումով է «Առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու»  մեղադրանքով դատարան ուղարկվել: Ես բազմիցս հայտարարել եմ, որ  հակառակ այդ գործով իրականացված փորձաքննության արդյունքներին, վերոնշյալ հիմքով մեղադրանք առաջադրելը քննիչին պարտադրվել է հենց գործը վերահսկող դատախազ Արման Հակոբյանը: Դրանով դատախազ Արման Հակոբյանը «պաշտպանության տակ է առնել» Վլադիսլավ Մանգասարյանին: Վերջինս անգամ վկայի կարգավիճակում դատարան չէր հրավիրվել և առաջիկա նիստում ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան ԿարինեԽաչատրյանի միջնորդության շնորհիվ:

Պարոն Հովսեփյան, այս հանգամանքներում դատարանում, որպես մեղադրող դատախազ հանդես եկող Լևոն Չարխիֆալակյանն էլ իր հերթին ուղղորդված հարցադրումներով համառորեն փորձում է տուժող կողմից և վկաներից ի վնաս ինձ պատասխաններ կորզել: Այդ առումով Դատախազ Լևոն Չարխիֆալակյանի հարցադրումները միտված են ոչ թե գործի ճիշտ քննությանն, այլ` դատախազ Արման Հակոբյանի կողմից թելադրված սխալ մեղադրանքը դատարանում վերահաստատելուն:

Հարգելի դատախազ, այս գործում բացակայում է Արթուր Գալստյանի ցուցմունքը, որը գործում ներկայացված է որպես Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի  կեղծ պարտատեր, որին իբր, պարտքի դիմաց Ռուբեն Մանգասարյանըհանձնել է բնակարանը: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, վերջինս 2011թ. ցուցմունք է տված եղել այն մասին, որ Ռուբեն Մանգասարյանի և իր միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրենց միջև գումարային հարց չի եղել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Սևակ Արզարունու միջև: Հետագայում էլ Արթուր Գալստյանը այդ բնակարանը անհատույց հանձնել է Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդի անվամբ: Հենց այստեղ է, որ պարզ է դառնում, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է Վլադիսլավ Մանգասարյանը:

Պարոն Հովսեփյան, վերը նշվածը միակ դեպքը չէ, երբ իմ գործերով հօգուտ Վլադիսլավ Մանգասարյանի տարատեսակ ապօրինություններ ու բացահայտ հովանավորչությունն է տեղի ունենում` վարույթներից փաստաթղթեր կամ դատական նիստի ձայնագրությունն է անհետանում:

Այսպես. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննված թիվ ԵԱՆԴ 1724/02/10 գործով, որով ես վիճարկում էի այն փոխառության պայմանագրերը, որոնցով Վլադիսլավ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ»-ն իբրև թե գումար էր փոխանցել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ այնուհետ դրանց փոխարենանշարժ գույքի գրավի պայմանագիր կնքել հետևյալ ապօրինությունն է տեղի ունեցել: Մասնավորապես, դատարանն իմ փաստաբանի պահանջը մերժել էր` հայցային պահանջի չափը լրացնելու վերաբերյալ դիմումը գործից բացակայելու պատճառաբանությամբ: Մինդեռ նույն դատական գործից փաստաբանը պատճենահանել և բողոքին կից վերաքննիչ և վճռաբեկ դատարան է ներկայացրել առաջին ատյանի դատարանի 23.05.2011թ. այն որոշումը, որով հաստատվում է, որ ինքըներկայացրած է եղել վերոնշյալ դիմումը և այդ կապակցությամբ էլ դատական նիստը մեկ այլ հերթի է նշանակվել: Այդ գործով նաև 30.11.2011թ. դատական նիստի արձանագրությունն էր անհայտացել: Խնդրում եմ սա նույնպես ընդունել, որպես հանցագործության մասին հաղորում:

Պարոն Հովսեփյան, ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր ամիսներ առաջ նշել խորհրդակցության ավարտին, ես ևս շահագրգիռ վերաբերմունք եմ ակնկալում Ձեզանից, Ձեր տեղակալներից և քննության այլպատասխանատուներից:

Վստահ եմ, որ Ձեր լրատվական ծառայությունը հետևում է իմ կողմից տարածվող հրապարակումներին և զեկուցում է Ձեզ:

Կրկին դիմելով Ձեզ, ակնկալում եմ, որ միջոցներ կձեռնարկեք թիվ ԵԱՆԴ 1724/02/10 գործով վարույթից փաստաթղթի անհետացման հանգամանքները պարզելու, թիվ ԵԿԴ 0226/01/12 քրեական գործին դատախազության կողմից օրենքի սահմաններում ճիշտ ընթացք տալու, հանցագործ խմբին պատասխանատվության ենթարկելու, դատախազ Արման Հակոբյանի կողմից քննիչին ուղարկված ուղղորդված ցուցման շարժառիթներն ու իրական նպատակը պարզելու,  ինչպես նաև այս պահին մեղադրող դատախազի կողմից դատարանում արվող ուղղորդված հարցադրումների ուղղությամբ:

Հարգանքներով`

Էդմոնդ Խուդյան

ԱՄՆ

13.03.2013 թ.

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական մամլո ասուլիսը Ազատության հրապարակում (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն որոշել է առաջադրվել նախագահական ընտրություններում’