‘Սևանը հայտնվել է էկոլոգիական աղետի եզրին’

1088

Սևանը հայտնվել է էկոլոգիական աղետի եզրին, հայտարարել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը հուլիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

Բնապահպանի կարծիքով, լճում առկա իրավիճակը շարունակում է վատանալ մի շարք գործոնների ազդեցության տակ: Մի կողմից` լճի ճահճացման է հանգեցնում այն, որ ծառերից և թփերից չմաքրված  ափերը ջրի տակ են մնացել Սևանի մակարդակի բարձրացման ծրագրի իրագործման ընթացքում: Մյուս կողմից, փորձագիտական գնահատականների համաձայն, լճի ջրի 60 տոկոսն աղտոտված է, ինչը հարվածի տակ է դնում ձկնաշխարհը: Ադամյանի ասելով, արձանագրվել է Սևանի ջրի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նույնպես բացասական գործոն է:

Արդեն մտահոգիչ իրավիճակը վատթարացնել կարող է նաև Սևանից ջրառի առավելագույն ծավալի ավելացումը: Ավելի վաղ այդ ծավալը կազմում էր 170 մլն խմ, սակայն անցյալ տարվանից Արարատյան դաշտավայրում ջրի պակասի առնչությամբ անհրաժեշտ համարեցին այդ ցուցանիշը հասցնել 240 մլն խմ: Բնապահպանները միայն վերջերս են իմացել այն մաիսն, որ խորհրդարանն առանց հանրային լսումներ անցկացնելու հաստատել է 270 մլն խմ ջրառը:

Ադամյանը կասկածի է ենթարկել այն հիմնավորումը, թե ոռոգման նպատակով այդպիսի մեծ ծավալի ջրառն անհրաժեշտություն է Արարատյան դշատավայրի կարիքներն ապահովելու համար: Փորձագետը տեղեկացրել է, որ անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, Արմաշ և Սուրենավան գյուղերի բնակիչները ոռոգման համար օգտագործում են արտեզյան ջրհորները, այլ ոչ թե` Սևանի ջուրը: Նույնպիսին է իրավիճակը նաև Արմավիրում: Բնապահպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած Արարատյան դաշտավայրում ջրի պակասի մասին խոսակցություններին, այս տարի կբացվի 70 արտեզյան հոր:

«Միանշանակ է. Սևանի ջուրն Արարատյան դաշտավայր չի մտնում, այլ հոսում է  դեպի Արաքս և հետո` Ադրբեջանի կողմը: Լճից ջրառի ավելացման միակ նպատակն առափնյա գոտու առանձնատները և հանգստյան գոտիները հեղեղումներից զերծ պահելն է` Սևանի մակարդակի բարձրացման ծրագրի իրագործման հետևանքով», — ընդգծել է Ադամյանը: 

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ջակարտայի նահանգապետը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալվել է 50 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ’