‘Ս. Աբրահամյան. Կոռուպցիայի կնքահայր կառավարությունը չի պատասխանել Կոնգրեսի հարցապնդմանը’

1327

Ազգային ժողովի հաջորդ քառօրյայի ժամանակ`դեկտեմբերի 4-ին, քննարկվելու է Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը Կառավարությանը: Այն, ինչպես հայտնի է, վերաբերում է Հայաստանում ձեւավորված համատարած եւ համակարգային կոռուպցիային:

Ըստ կանոնակարգի, չորեքշաբթի օրվա նիստերից մեկը կնվիրվի հարցապնդման քննարկմանը. հինգական րոպե ելույթներով հանդես կգան Կոնգրեսի եւ կառավարության ներկայացուցիչները, այնուհետեւ կողմերը 10-ական րոպե տեւողությամբ ամփոփիչ ելույթներ կունենան: Կոնգրեսի խմբակցությունը հնարավորություն կունենա նաեւ հարցապնդման հետ կապված Ազգային Ժողովի որոշման նախագիծ ներկայացնել:

ԱԺ կանոնակարգով սահմանված է նաեւ, որ հարցապնդումն ուղարկելուց հետո 20 օրվա ընթացքում կառավարությունը պետք է դրան գրավոր պատասխան տա, որից հետո ԱԺ-ում տեղի կունենա քննարկումը:  Հայ ազգային կոնգրես կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը  iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կառավարությությունը դեռեւս գրավոր պատասխան չի ներկայացրել նոյեմբերի 5-ին ուղարկված հարցապնդմանը:

«Կառավարության պատասխանը ներկայացնելու խելամիտ ժամկետը լրանում է այսօր` ԱԺ հերթական քառօրյայից առաջ: Ֆորմալ առումով, իհարկե, ժամկետը լրանում է երկուշաբթի: Այս պահի դրությամբ մենք դեռ կառավարության պատասխանը չենք ստացել, հարցապնդումն արդեն մեկ ամիս ի վեր Կառավարության մոտ է, այսինքն, նրանք բավական ժամանակ ունեին պատասխան պատրաստելու, եթե իհարկե, ասելիք ունեն», — նշեց պարոն Աբրահամյանը:

Ազգային ժողովի աշխատակազմից Կոնգրեսի խմբակցությանը տեղեկացրել են, որ Կառավարությունը գրավոր պատասխան կներկայացնի միայն երեքշաբթի` դեկտեմբերի 3-ին, այսինքն, քննարկումից մեկ օր առաջ:

Սամվել Աբրահամյանի խոսքով, այս փաստնը նույնպես խոսում է այն մասին, որ Կառավարությունը հարցապնդմանը, ըստ էության, պատասխան չունի:

«Ի վերջո, նաեւ այդ պատասխանի հիման վրա է, որ մենք պետք է ԱԺ նիստի ելույթները նախապատրաստենք: Չնայած, դա ոչ մի նշանակություն չունի այս կառավարության պարագայում, որի հնարավոր պխատասխանները բոլորիս համար կանխատեսելի են: Իրականությունն այն է, որ իրենք ուղղակի պատասխան չունեն», — նկատեց Աբրահամյանը:

Նրա խոսքով, կառավարության վարքագիծն ավելի ուշագրավ է հատկապես այն պայմաններում, երբ կոռուպցիայի խնդիրը գնալով ավելի ու ավելի միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է հայտնվում: «Հասկանալի է` կառավարությունը, որը կոռուպցիայի կնքահայրն է, չի կարող էական պատասխան տալ համակարգային կոռուպցիայի վերաբերյալ հարցապնդմանը»,- ամփոփեց մեր զրուցակիցը:  

 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են’
Հաջորդ հոդվածը‘Հանրային գերակա շահի զոհ. Իմ ունեցվածքը վաճառել են օլիգարխի, իսկ քաղաքապետարանը օժանդակել է դրան’