‘Ս.Սարգսյանը եւ Հայաստանի մեկուսացումն աշխարհից’

1966

Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւս մեկ մեծագույն նվաճում արձանագրեց. Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով կլինի Սոչիում եւ կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Չի բացառվում, որ հաջողեցնի եւ ձեռքով բարեւի Վլադիմիր Վլադիմիրովիչին, ինչը խիստ պատասխանատու լրատվամիջոցներին թույլ կտա ծավալուն վերլուծություններ գրել այն մասին, թե որքան լավ են Պուտինի եւ Սարգսյանի հարաբերությունները:

Իսկ իրական պատկերը տխուր եւ մտահոգիչ է: Հայաստանն այսօր, Վանո Սիրադեղյանի ճիշտ բնորոշմամբ, վերածվել է ճանապարհների խաչմերուկին նստած կույր բուի: Շնորհիվ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային եւ մի շարք այլ դիվանագիտությունների՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը մոտեցել է -273 աստիճանի: Սրա մասին է վկայում նաեւ այն, թե ինչ երկրներում է եղել Սերժ Սարգսյանը եւ որ երկրների ղեկավարներին է հյուրընկալել Երեւանում:

2012-ին Սերժ Սարգսյանը պետական այցով եղել է Սինգապուրում: Միայն չհարցնեք, թե ինչո՞ւ է եղել, եւ ի՞նչ է շահել դրանից Հայաստանը: Դա մեկ այլ խոսակցության թեմա է:

Նույն թվականին Սերժ Սարգսյանը կրկին պետական այցով եղել է Ճապոնիայում: Կրկին չհարցնեք, թե ի՞նչ է անում նա Ճապոնիայում, եւ ի՞նչ շահեց Հայաստանն այդ այցից: Միայն նշենք, որ ռուս-ճապոնական վիճելի կղզիների պատկանելության հարցերը Տոկիոյում չեն շոշափվել: 

Սերժ Սարգսյանը ճապոնական այցից անմիջապես հետո եղել է սոցիալիստական Վիետնամում, եւ կրկին՝ պետական այցով: Համաձայնեք, որ սա մեծագույն հաջողություն է: Եւ կրկին խնդրում ենք չխորանալ, թե ինչո՞ւ այդքան գումար ծախսեցինք եւ երկրի առաջին դեմքին ուղարկեցինք մի երկիր, որի հետ Հայաստանն անգամ մեկ լումայի առեւտրաշրջանառություն չունի:

Համաձայնեք, որ այցերի գագաթնակետը Սերժ Սարգսյանի ֆրանսիական ուղեւորությունն է: Պաշտոնական այցով լինել Ֆրանսիայում, հավատացեք, լուրջ ձեռքբերում է:

Եւ այս այցի կողքին խամրում է 2012-ի վերջին այցը, այս անգամ՝ Լիբանան:

Այսպիսով, մեկ տարվա ընթացքում «պետության ղեկավարը» այցելել է հինգ երկիր, որոնցից երեքի հետ Հայաստանը գրեթե ոչ մի առնչություն չունի:

Հիմա հարց կառաջանա, թե քանի՞ երկրի ղեկավար է 2012-ին եղել Հայաստանում: Ասենք. ընդամենը երեք երկրի: Հայաստանում են եղել նաեւ Եվրոպայի խորհրդի նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ինչպես ասում են, հպարտանալու քիչ առիթ կա:

2013-ին պատկերն ավելի է վատացել: Սերժ Սարգսյանը Վատիկանում ներկա է գտնվել Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը, պաշտոնական այցով եղել է Լեհաստանում՝ լեհերին եւ եվրոպացիներին հավաստիացնելով, որ անպայման Հայաստանը ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը:

Սերժ Սարգսյանը եղել է նաեւ Իրանում եւ մասնակցել Իրանի նորընտիր նախագահի երդման արարողությանը: Եւ հետո անակնկալ ձեւով սեպտեմբերի 3-ին հայտնվել է Մոսկվայում եւ հանդիպել Պուտինին, արել սենսացիոն հայտարարություններ՝ Հայաստանին դնելով աննախադեպ խայտառակ իրավիճակում, որից հետո լեհերը եւ եվրոպացիները հասկացել են, որ այսքան ժամանակ գործ են ունեցել անլուրջ մարդկանց հետ:  

Եւ Հայաստանի, իսկ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի մեծագույն հաջողություններից է, որ անցած տարի Հայաստան է այցելել երեք երկրի ղեկավար:

Արթուր Բարսեղյան

 

Նախորդ հոդվածը‘Ցուցմունք տուր ընդդիմադիրի դեմ, և դարձիր Ս.Սարգսյանի թիկնապահը ‘
Հաջորդ հոդվածը‘Ավելի «բաց ու թափանցիկ» փախուստ’