‘Ս. Սարգսյանի ելույթը՝ որպես սեփական ձախողումների յուրահատուկ նմուշ’

2729

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի ողջ կառուցվածքը հիմնված է իր նախորդների նվաճումների փառաբանման և սեփական նախաձեռնության՝ հայ-թուրքական արձանագրությունների ձախողման խոստովանության վրա:

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 1993 թ.ընդունված՝ ԼՂ վերաբերյալ չորս բանաձևերի վերլուծությանը Սերժ Սարգսյանը նվիրել էր իր ելույթի յոթ (!) ծավալուն պարբերություն: Հայաստանի համար, մեծ հաշվով՝ շահեկան այդ փաստաթղթերն ընդունվել են շնորհիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների հմուտ և արդյունավետ դիվանագիտության: Դժվարին և մանրակրկիտ բանակցությունների, փաստաթղթի յուրաքանչյուր բառն ընտրելու և ՄԱԿ-ի ԱԽ անդամներին հիմնավորված փաստարկներ ներկայացնելու շնորհիվ` փաստաթղթի ընդունումից 21 տարի անց էլ այն, որպես յուրահատուկ վահան՝ օգտագործում է այսօրվա իշխանությունը: Ավելորդ է նշել, որ Բաղրամյան 26-ում այսօր բազմածները չեն էլ կարող երազել, որ Հայաստանի համար նման շահեկան գործողություն անեն՝ նրանցը նախորդների նվաճումների մաշեցումն է և շատ դեպքերում՝ փոշիացումը:

Եթե Սերժ Սարգսյանը գեթ մի օգտակար բան արած լիներ, Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի նվաճումները բարձրաձայնելու փոխարեն՝ սեփական նախաձեռնությունը կգովաբաներ: Ծանոթ լինելով Սերժ Սարգսյանի բնավորության որոշ յուրահատկություններին՝ կարելի է պատկերացնել, թե ինչ ապրումներ է նա ունեցել, որ ստիպված արձանագրել է, թե Լ.Տեր-Պետրոսյանը կարողացել էր, նախ՝ Միջազգային ամենահեղանակավոր ատյանում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ապա՝ «1994 թ. հրադադարի և մի շարք այլ համաձայնագրերի» փաստաթղթով ամրագրել Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության «իրավահավասար կողմ» լինելու փաստը: Մի նվաճում, որ զրոյացրեց Ռ. Քոչարյանի իշխանությունը, և, փաստաթղթերի մակարդակով (Մայնդորֆյան փաստաթուղթ, 2008 թ. նոյեմբեր) ոչնչացրեց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Վերջինիս այսօր այլ բան չի մնում, քան սեփական մերկությունը քողարկելու համար վկայակոչել հեռավոր՝ 1993 թ. և 1994 թ.փաստաթղթերը:

Չունենալով այլ ասելիք՝ Ս. Սարգսյանը, որպես կարևոր նվաճում, հիշատակեց նաև Մադրիդյան փաստաթղթի դրույթներից մեկը՝ ՀՀ շահերից բխող ողջ փաստաթղթից միակ կետը: Այս հարցում էլ Ս. Սարգսյանի ավանդը զրոյական է՝ այդ փաստաթուղթն էլ է նա ժառանգել, և հիմա արդեն պարզ է, որ մաշեցնում-փոշիացնում է նաև դրա՝ մեզ համար շահեկան դրույթը:

Ելույթի՝ հայ-թուրքական Արձանագրություններին վերաբերող հատվածն էլ սեփական նախաձեռնության ձախողման պարզ խոստովանություն է: Թվում էր, թե բացի Սերժ Սարգսյանից՝ Հայաստանում բոլորը տեսնում էին Արձանագրությունների վնասակար նշանակությունը, և միայն այսօր է դա «նկատել» ՀՀԿ նախագահը: Վստահ եմ, որ փաստաթղթերը ստորագրելիս էլ Սերժ Սարգսյանը գիտեր, որ Թուրքիան դրանք չի վավերացնելու, առաջ է քաշելու հայտնի  նախապայմանները, բայց եւ, այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրեսի տասնյակ անդամներին բանտերում (2008-2009 թթ.) պահելու նպատակով դրսի լռելյան համաձայնությունը ապահովելու համար՝  նա գնաց Ցեղասպանության ուրացման գնով Արձանագրությունների ստորագրմանը:

Այսօր արդեն տեսնելով, որ Թուրքիան հաջողում է Արձանագրությունները և ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրները փոխկապակցելու հարցում, Սերժ Սարգսյանը սպառնում է հետ կանչել փաստաթղթերը: Եթե մեր արտերկրի գործընկերների համար դեռևս Ս. Սարգսյանի կերպարը կարող է որոշ չափով անծանոթ լինել, ապա մեզ համար նրա յուրաքանչյուր գործողություն կամ մտադրություն դյուրին ընթեռնելի է. այս հարցում էլ կարող ենք կանխատեսել, որ Սերժ Սարգսյանը համարձակություն չունի իրագործելու իր «սպառնալիքը»: Մեր հանրությանը հայտնի իր հակումներին հագուրդ տալով՝ նա կրկին սակարկում է, և շուտով մեր գործընկերները կհամոզվեն դրանում:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվարկումը ևս մեկ վկայություն է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության կատարյալ ձախողման վերաբերյալ: Ճանաչման գործընթացն արտաքին քաղաքականության առաջնայնություն հռչակած Ս. Սարգսյանը, փաստորեն, կանգնեցրել, դադարեցրել է գործընթացը: Ավելի քան չորս տարի որևէ երկիր չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, և ճանաչած երկրների այդ պատկառելի ցանկի բարձրաձայնումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կրկին հիշեցում է՝ որքան անբան և անկարող մարդիկ են այսօր իշխանության Հայաստանում:

Իշխանության վեց տարվա արդյունքում Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ավելի նշանակալի բան չունեցավ ասելու, քան հերթական անգամ այդ բարձր ամբիոնի օգտագործումն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ հերթապահ մեղադրանքները հնչեցելու համար: Ս. Սարգսյանի օրոք Հայաստանը չձևավորեց այլ օրակարգ, չկարողացավ աշխարհին հետաքրքրող նոր նախաձեռնություններով հանդես գալ, խոսել այն լեզվով, որ հասկանալի և ընկալելի է առաջադեմ հանրությանը: Երկրի զարգացման համար վերջին վեց տարին կորած ժամանակաշրջան է, ինչի վկայությունն է Ս. Սարգսյանի նյու-յորքյան ելույթի յուրաքանչյուր տողը:

Վլադիմիր Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Առևտրականները, չնայած սպառնալիքներին, կրկին կհավաքվեն կառավարության դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Ստեփանակերտում՝ «Ո՛չ 100 դրամին» (տեսանյութ)’