‘Ս.Սարգսյանի խոսքերն ավելին չեն, քան միջազգային հանրության աչքին հերթական թոզը փչելու փորձ’

1533

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը  անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ այն ներկայացնելով գրեթե  իդեալական և կայացած: Մասնավորապես՝ Հայաստանն անվանել է ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր, որտեղ գոյություն ունի կայացած քաղաքացիական հասարակություն, հավաքների ազատություն, արդար ընտրական համակարգ, և որտեղ մարդու արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ:

Ս. Սարգսյանի խոսքերը կարող են վստահություն ներշնչող և համոզիչ  համարվել միայն Հայաստանի քաղաքական դաշտի հետ որևէ առնչություն, ինչպես նաև՝ նրա կենսագրության մասին պատկերացում չունեցող մեկի, կամ, ավելի ճիշտ՝ հենց նոր լուսնից իջած այլմոլորակայինի համար: Ցավոք սրտի՝ այս հեքիաթը կարելի է կարդալ միայն թղթի վրա կամ լսել «Քաջ Նազարի» բախտին արժանացած հեքիաթի հերոսի կողմից:

Չի բացառվում, որ Ազատիչի կամքով և նորին գերագույն երաշխավորությամբ  փոփոխվել է «ազատություն» բառի բուն նշանակությունը, քանի որ նա սիրում է հանդիպած ամեն ինչ լղոզել և կեղծել՝ իր սովորության համաձայն: Այսպիսով, աչքի տակ անցկացնելով ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները և առկա փաստերը համեմատելով վերջինիս հայտարարության հետ՝ պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանի խոսքերը ավելին չեն, քան միջազգային հանրության աչքին հերթական թոզը փչելու փորձ:

«ՀՀում մարդու իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ»

Իհարկե՝ առնվազն ոչ սթափ գիտակցության տեր մարդը կարող է նկարներում պատկերված դեպքերը բնութագրել որպես մարդու իրավունքների գերագույն պաշտպանություն, և քաղաքացուն՝ որպես բարձրագույն նպատակ դիտելու երեւույթ:  Առավելեւս, որ չնայած  տեխնոլոգիաների զարգացմանը՝ գիտկանանները դեռ չեն ստեղծել այնպիսի ակնոցներ, կամ, մեր դեպքում՝ լինզաներ, որոնք այս աստիճանի կաղավաղեին պատկերը: 

Ի դեպ, նկարներից մեկում ակնհայտ ճնշումներն իրականացվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, մասնավորապես՝ պատկերված  են 2010 թվականին  Ազատության հրապարակում ՀԱԿ ակտիվիստների ազատ տեղաշարժվելու իրավունքը սահամանափակելու ժամանակ իրականացված բռնությունները և զանգվածային ձերբակալությունները, ինչպես նաև՝ հավաքների ազատության միտումնավոր խոչընդոտումը: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա բախումները տեղի են ունեցել վերջին երկու ամիսների ընթացքում, մասնավորապես՝ սեպտեմբերի 4-ին նախագահականի մոտ՝ ըննդեմ Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմանը, օգոստոսի 24-ին՝ Կոմիտաս 5-ում ապօրինի շինարարության դադարեցման պահանջով ակցիայի ժամանակ , որը կրկին ուղեկցվեց ոստիկանության անօրինական պահվածքով, իսկ օգոստոսի 23-ին քաղաքապետարանի տարածքում հավաքված քաղաքացիների ակցիային հաջորդեց 10 քաղաքացիների ձերբակալությունը:

«Հայաստանը ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է»

ՀՀ մայր օրենքը ընթերցելու համար պարտադիր չէ բռնազավթել նախագահի պաշտոնը: Բաղրամյան 26-ում հայտնված անձը Սահմանադրությունը և մնացած օրենքները օգտագործում է միայն այն միտումնավոր խախտելու, մարդու իրավունքները ոտնահարելու և այլ երկրներում ժողովրդավարական երկրի տպավորություն ստեղծելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է, այսպես կոչված՝ «ազատ» մամուլին, ամենավառ ապացույցը վերջերս հրապարակված՝  քննադատական, ընդդիմադիր կեցվածքով ԶԼՄ-ների  շրջանում իրականացված մոնիթորիգն է,  ըստ որի՝ ԶԼՄ-ների մեծ մասի համար գարնանը վարչապետի հետ կապված կոռուպցիոն սկանդալը պարզապես չի եղել:

Մեկ այլ բնութագրիչ օրինակ է 2010 թվականին հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որտեղ իշխանությունները միայն մեկ նպատակ էին հետապնդում՝ թվայնացման գործընթացքը ծառայեցնել՝ խոչընդոտելու անկախ որևէ հեռուստատեսության մուտքը եթեր՝ է՛լ ավելի սահմանափակելով նրանց թիվը: Իսկ հաջորդ՝ 2011 թվականը աննախադեպ էր ԶԼՄ-ների դեմ հարուցված դատական գործերով՝ պայմանավորված Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմամբ, ինչից հետո միայն լրատվամիջոցների նկատմամբ հարուցվեցին մոտ չորս տասնյակ դատական գործեր:

Այս փաստերը հաստատում են, որ զանգվածային լրատվամիջոցների հիմնական հատվածը ծառայում է Սերժ Սարգսյանին և նրա կողմից հովանավորվող քաղաքական կառույցներին:

«Հայաստանում գոյություն ունի արդար ընտրական համակարգ»

Հայաստանում արդար ընտրություններից խոսող անձը ՀՀ քաղաքացիների մասին մի թեթեւ հիշում է միայն ընտրությունից ընտրություն, երբ նրա հովանավորության տակ գործող թաղի խուժանը, մարդկանց 5000 դրամ բաժանելով՝ վերջիններիս ուղղակի քշում է տեղամաս եւ ընտրել տալիս Սարգսյանին կամ նրա կուսակցությանը: Իսկ թե մարդիկ հանկարծ փորձեն շեղվել նախօրոք վերևների կողմից պլանավորված ճանապարհից, նրանց դեմ դուրս կգան ողջ ոստիկանական համակարգը և ռազմական ուժերը, ինչպես դա եղավ 2008 թվականի մարտի մեկին, երբ Երևանի կենտրոնական փողոցներում գնդակահարվեցին առնվազն 10 անմեղ քաղաքացիներ, որոնց միակ նպատակը իրենց հայրենիքում օրենքի հաստատումն ու իշխանությունը ժողովրդին վերադարձնելն էր:

Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի ելույթը գեղեցիկ շարադրված մի առասպել էր, որը, ի դժբախտություն հայ ժողովրդի, որևէ  ընդհանրություն չունի Հայաստանի ներկա ներքաղաքական իրավիճակի հետ, ավելին, ստեղծվել է փաստերը խեղաթյուրելու և ճիշտ հակառակ իրականությունը ներկայացնելու նպատակով:

Հ. Գ. Առաջարկ. Ելույթն ավելի խելքին մոտ դարձնելու համար կարելի էր վերջում ուղղակի ավելացնել «Պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա» ու հանգիստ սրտով վերադառնալ Բաղրամյան 26՝ չմտահոգվելով այն մասին, թե հետո ինչպես պիտի տակից դուրս գա:

 

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. Անհնար է խաղալ ավելի լավ, քան Լամը’
Հաջորդ հոդվածը‘Մատրի. «Եթե գրավեմ «Յուվենտուսի» դարպասը, ապա այն կնշեմ»’